Ասում են՝ երեկ շնորհակալության միջազգային օրն էր — Երկիր Մեդիա

Ասում են՝ երեկ շնորհակալության միջազգային օրն էր

...իսկ մենք հաճախ մոռանում ենք շնորհակալ լինել
kin

Երթուղայինի վարորդներին օրը երկու անգամ շնորհակալություն ասելու սովորությունս ձեւավորվեց նրանց անտարաբեր, զարմացած , բայց ոչ՝ ժպտացող հայացքների ներքո:  Գուցե իրենց մտքով չի էլ անցնում, բայց դե ես հո լավ գիտեմ՝ նրանցից շնորհակալ լինելու առնվազն երկու առիթ ունեմ՝ առավոտյան ինձ աշխատավայր են հասցնում,  երեկոյան՝ տուն: Չգիտեմ դուք ոնց , բայց ես վստահ եմ՝ լավ բան է շնորհակալ լինելը:

Մեր օրերում, իհարկե, շնորհակալությունը մի տուփ շոկոլադ, խմիչք, մի   լավ նվեր կամ կլորիկ գումար է դարձել ընդամենը, բայց երբ պարզապես  անկեղծ,  ի սրտե , այս  բառն ես արտասանում՝ քեզ թեթեւ ես զգում, դիմացինդ էլ՝ գնահատված:

Իսկ շնորհակալ պետք է լինել ոչ միայն մեզ համար արածի ու չարածի, այլ նաեւ մեր ապրած ամեն մի վայրկյանի , ակնթարթի համար, այն ամենի, ինչ ունենք՝ ընտանիք, ընկերներ, աշխատանք, սիրած էակ,ապրելու հնարավորություն ու ժամանակ, որը մեկ-մեկ թվում է, թե  չի հերիքում:

Բայց երբեմն  ուսերին ծանրացած խնդիրների, հաճախ էլ՝ անտարբերություն դարձած անուշադրության պատճառով մենք հաճախ մոռանում ենք շնորհակալ լինել մեր ունեցածի համար, որը պարտադիր էլ չի լինի լավ բնակարան, շքեղ մեքենա ու բարձր աշխատավարձ:  Քեզ  ցավեցրած, նեղացրած ու անսպասելի հարվածած մարդկանցից էլ պիտի  շնորհակալ լինես՝ ի վերջո նրանց շնորհիվ սկսել ես զգալ ոտքերիդ տակի հողը, կյանքը տեսնել այնպես, ինչպես կա:

Ասում են՝ երեկ շնորհակալության միջազգային օրն էր, իսկ ես վստահ եմ այս բառն ասելու կամ շնորհակալ լինելու համար ոչ թե հատուկ առիթ, օր ու մարդ է պետք, այլ՝ շնորհակալ սիրտ:

 

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*