Կարկուտը վնասներ է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին

Ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել է մարզի 12 համայնք:
karkut

Հունիսի 24-ին 15:30-ի սահմաններում գրանցված  կարկուտը վնասներ է պատճառել Շիրակի մարզի գյուղական համայնքներին: Ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել է մարզի 12 համայնք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը,  հիմնականում տուժել են հացահատիկի  և  կարտոֆիլի ցանքատարածությունները և բանջարաբոստանային  կուլտուրաները:  Այս պահին նշել, թե  վնասն ինչքան է կազմում, անհնար է:  Գյուղերից ստացված ահազանգից հետո Շիրակի փոխմարզպետն ու գյուղատնտեսության վարչության պետը  եղել են համայնքներում, սակայն այդ համայնքներում վնասի չափը հստակեցնել կարող են միայն հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո: «Օրինակ, Բենիամինում ամբողջովին տուժել են  բանջարաբոստանային կուլտուրաների սածիլները, բայց մինչև հանձնաժողովը չնայի, չենք կարող ասել, հատկապես որ արտաքուստ այսպես վնասը չի երևում, վաղը վնասն ավելի ակնհայտ կլինի»,-նշեց պատասխանատուն՝  փաստելով, որ կարկուտն այն մեծության ու այնքան շատ է  եղել, որ  այս պահին հնարավոր չէ  նաև մտնել ցանքատարածություններ:

Հունիսի 25-ից մարզպետարանի հատուկ հանձնաժողովները կուսումնասիրեն մարզի կարկուտից տուժած համայնքները: Ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարություն:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները