Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ապրիլի 11-ին ընդունեց Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը` Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի գլխավորությամբ:
Հանդիպման օրակարգային թեմաներից էին կենցաղային թափոնների և սպառված հանքերի կառավարմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաև Շիրակի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացումը:
«Պատրաստ ենք համագործակցության ցանկացած բնագավառում, ուրախ կլինենք Շիրակի մարզի և Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու: Մենք արդեն հասցրել ենք Շվեդիայի դեսպանատանը մի քանի առաջարկություն ներկայացնել, որոնք առնչվում են էկոլոգիական հիմնահարցերին»,- խոսքում նշեց Շիրակի մարզպետը:
Մարտին Ֆրեդրիկսոնն էլ կարևորեց մարզերի հետ ապակենտրոնացված շփումները՝ նշելով, որ Շիրակի մարզն իրապես ունի պոտենցիալ:
Օստերյոտլանդի նահանգապետարանի աշխատակիցները Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ կլինեն Արփի լճի տարածքում, կծանոթանան բնությանը, շրջակա միջավայրի հնարավորություններին, մարզի խոշոր աղբավայրերին։