Շենգենյան վիզայի դիմումներ Հայաստանում կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ»-ը

Երեւանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է Շենգենյան վիզայի 15 200 դիմում
shengen-viza

Ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ նորաբաց «ՎիզաՄետրիկ»-ը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է։

Այս փոփոխությունը ներառում է Շենգենյան վիզայի համար դիմումների եւ փաստաթղթերի ընդունման, փոխանցման եւ վերադարձման ամբողջ գործընթացը։ Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձելու է €20 համարժեք սպասարկման վճար՝ ՀՀ դրամով։

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս  Քիսլերն այսօր պատասխանելով «Մեդիամաքս» հարցին՝ ասել է.

««Վիզամետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։ Այս ընկերությունը երկարամյա փորձ ունի՝ որպես առանձին ծառայություններ մատուցող կազմակերպություն։ Այն մասնակցել է հայտարարված մրցույթին եւ շահել է մի շարք վայրերում, այդ թվում՝ Միջին Ասիայում եւ այս տարածաշրջանում ծառայություններ մատուցելու մրցույթում»։

Դեսպանն ասել է, որ գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու:

Նա տեղեկացրել է, որ վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները այսուհետ եւս կայացվելու են Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։ Ազգային վիզաների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունենալու եւ դրանցով բացառապես զբաղվելու է դեսպանությունը։

Դեսպանության վիզաների բաժնի ղեկավար Ալեքսանդր Բարթոլդը նշել է, որ 2017 թվականին Երեւանում Գերմանիայի դեսպանությունը ստացել է Շենգենյան վիզայի 15 200 դիմում եւ տրամադրել է շուրջ 14 000 վիզա։ Մերժումների քանակը կազմել է 7,8%։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները