«Սա Անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր»․ Շարմազանովը լքել է նիստերի դահլիճը

Կաթողիկոսին պետական պահպանությամբ ապահովելու նախագիծը բուռն բանավեճ էր առաջացրել։
sharmazanov-eduard

Ազգային ժողովում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը բուռն բանավեճով ընթացավ:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, նախագծով առաջարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի անվտանգությունը:

Վարման կարգով ելույթում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ասաց, որ եթե Կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝  օրինագծի անհրաժեշտությունը լավ կյանքից չէ, որ առաջացել է: «Փաստերը խոսում են այն մասին, որ ոչ միայն Վեհափառը կարիք ունի պաշտպանության, այլ նաև եկեղեցին: ՀՅԴ-ն դրա համար հատուկ հայտարարություն է արել` ընդվզելով այն դեպքերի դեմ, որոնք տեղի ունեցան Հայրապետի հանդեպ: Այսօր դնել Վեհափառին մի վիճակի մեջ, որ նա պետք է խնդրի, որ իրեն պաշտպանենք, դա ճիշտ մոտեցում չէ: Մենք սրանով մեր դիրքորոշումն ու վերաբերմունքն ենք արտահայտում եկեղեցու նկատմամբ: Եթե այսօր դրա դեմը չառնենք, վաղն ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու: Հորդորում եմ կողմ քվեարկել օրինագծին, սա մեր հոգևոր և ազգային արժեքների պահպանման հարցն է»,- ընդգծեց պատգամավորը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հակադարձեց, որ Կաթողիկոսի անվտանգության մասին եթե-ներով խոսելու հարկ չկա և օրինագծի ընդունումը կարևոր է:

Պատգամավորների մի մասը պնդում էր, որ Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, և եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է:

Երկար բանավեճերից հետո նախագիծը դրվեց քվեարկության և, ստանալով 28 կողմ, 10 ձեռնպահ ձայն, չընդունվեց: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.

«Սա Անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը»:

Հայտարարությունից հետո Շարմազանովը լքեց դահլիճը: Նրան հետևեցին մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ:

*

*