Շարմազանովն ուսանողներին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ և հրավիրում իր աշխատասենյակ

Առաջարկեց 4-5 ուսանողի բարձրանալ իր աշխատասենյակ:
hrmshtoc

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում  տարկետման իրավունքի տրամադրման կարգը սահմանափակող օրենքի ընդունման նկատմամբ ուսանողների մոտեցումները և հացադուլ հայտարարած ուսանողներին կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ:

«Ժամանակին ես էլ իմ ուսանողական իրավունքների համար պայքարել եմ, հացադուլ եմ արել: Հասկանում եմ, երիտասարդներ են, զգացմունքներին են տրվել, բայց կոչ եմ անում նրանց կառուցողական դաշտ վերադառնալ: Այն ժամանակ, երբ մենք հացադուլ էինք անում, մեզ վարչապետ չէ, նույնիսկ նախարարի օգնական չի ընդունել, իսկ նրանց ընդունել են վարչապետը և պաշտպանության ու կրթության և գիտության նախարարները»,- ընդգծեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե շատերը ուսանողների գործողությունների հետևում քաղաքական ուժերի են տեսնում, Շարմազանովը պատասխանեց, որ դա յուրաքանչյուրի խնդիրն է, թե ով ինչ է տեսնում: Հարցին՝ ինքն ի՞նչ է տեսնում, Շարմազանովը պատասխանեց. «Ես ամենուր միայն լույս եմ տեսնում»:

Հարցին, թե ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է, որ ուսանողները հովանավորվում են «Սորոս» հիմնադրամի կողմից, Շարմազանովը պատասխանեց, որ իր գործընկերների հայտարարությունները չի մեկնաբանում:

Նա համաձայն չէ այն կարծիքի հետ, թե տարկետման իրավունքը սահմանափակող օրենքը նպաստելու է երիտասարդների արտագաղթին: Շարմազանովն ընդգծեց, որ կառավարության ենթաօրենսդրական ակտերով սահմանվելու են հստակ չափանիշներ, որոնց թույլ կտան տարկետում տալ բացառիկ տաղանդի տեր անձանց, ովքեր ապագայում կարող են մեծ գիտնականներ դառնալ: Նա նշեց, որ երեխայի բացառիկ տաղանդը կարելի է տեսնել միջազգային օլիմպիադաներում նրա ցույց տված արդյունքներով: «Ես չափորոշիչներից մեկը նշեցի, կարող են լինել նաև այլ չափորոշիչներ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հավելենք, որ Է. Շարմազանովը ուսանողներին առաջարկում է ստեղծել 4-5 հոգանոց աշխատանքային խումբ և բարձրանալ իր աշխատասենյակ՝ քննարկելու իրավիճակը:

*

*