Արագաչափն անցեք ու… ինքնասպան եղեք

...Զգուշանալ ոչ թե արագությունը գերազանցելուց, այլ՝ արագաչափի տեսադաշտում հայտնվելուց։
aragachap22

Փետրվարի 8-ից շարժական արագաչափերի գործարկման պատճառով ֆեյսբուքահայերը սկսեցին եղբայրաբար, «մեջք մեջքի տված» զորավիգ լինել միմյանց՝ շարժական սարքեր կրող մեքենաների նկարները ցանցում տարածելով և զգուշության կոչ անելով: Զգուշանալ ոչ թե արագությունը գերազանցելուց, այլ՝ արագաչափի տեսադաշտում հայտնվելուց։ Եվ դա այն դեպքում,  որ ոստիկանությունը պարբերաբար նշում է՝  ճանապարհատրասնպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության գերազանցումն է, եւ շարժական արագաչափերի առաքելությունը արագությունը գերազանցելու գայթակղությունից վարորդներին զերծ պահելն է: Կարծես թե ամեն ինչ արվում է մեր իսկ անվտանգության ու բարօրության համար, բայց մենք դժգոհ ենք, զգուշավոր ու թերահավատ…

Մարդկանց հասարակական կարգ ու կանոնին ընտելացնելու, օրինապահ քաղաքացի դաստիարակելու միջոցներից մեկը նաև սահմանափակումների և պատիժների կիրառումն է: Բայց մինչ դրա արդյունավետությանը հասնելը նկատենք, որ օրինապահ քաղաքացի դառնալու գրավականը նախ և առաջ օրինականության գաղափարի գիտակցումն է վերջիններիս կողմից ու հավատը դրա կարևորության հանդեպ: Այն, թե ինչու են մեր հասարակությունում մարդիկ հակված գումարով, խնամի-ծանոթ-բարեկամով ու այլ «հնարամիտ» միջոցներով շրջանցել օրենքներն ու կարգ ու կանոնի նորմերը և դրանք սեփական շահին ծառայեցնել, քննարկման այլ ու խորքային հարց է: Իսկ ինչո՞ւ են մարդիկ միշտ սվիններով ընդունում անգամ այն փոփոխությունները, որոնք հենց իրենց շահերից են բխում. փորձ է արվում հնարավորինս մարդկանց զերծ պահել սեփական ու այլոց կյանքը վտանգելու ռիսկից, վա՞տ է: Ողջ խնդիրը պետության, պատկան մարմինների հանդեպ հավատի ու վստահության դաշտում է:

Տարիների ընթացքում մարդիկ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների բերումով չեն հավատում, որ պետությունը երբևէ կարող է քաղաքացիների շահերից բխող ինչ-որ բան նախաձեռնել, այս դեպքում՝ անշարժ թե շարժական արագաչափեր տեղադրել ողջ  հանրապետությունում՝ մարդկանց կյանքին սպառնացող վտանգը կանխելու, այլ ոչ թե այդ քողի տակ վարորդներից «գումար պոկելու» համար:

Իհարկե թերահավատությունը՝ պետության բարի մտադրությունների մասին ինչ-որ տեղ հասկանալի է, հատկապես որ բազմաթիվ օրինակներ ու բոլորս կարող ենք բերել, որտեղ անտրամաբանական ու ոչնչով չարդարացված պարտադրանքներ ու սահմանափակումներ կան, եւ ոչ հօգուտ քաղաքացու կամ սպառողի։ Ինչ ասես արժեն թեկուզ միայն կայանման համար «կարմրեցրած» վայրերը։ Բայց դա լրիվ այլ ու ծավալուն նյութի թեմա է։ Բայց հենց «կարմիր գծերի» պես իրողություններն են, որ քաղաքացիների մոտ ամեն անգամ ևս մի աստիճանով նվազեցնում են պետության ինստիտուտի ու դրանք մարմնավորող կառույցների հանդեպ վստահությունը: Հենց այստեղից է, որ առաջ է գալիս պետության կողմից նախաձեռնած ցանկացած երևույթի հանդեպ անվստահությունն ու դրանից խուսափելու, այն շրջանցելու հաճախ մոլեգին հակվածությունը:

Վստահաբար՝ եթե մարդը չի գիտակցում, օրինակ, արագությունը գերազանցելու վտանգավորությունը սեփական ու այլոց կյանքի համար և արագաչափն անցնելուց հետո միանգամից սեղմում է արագության ոտնակը, ինչը շատ հաճախ ավարտվում է դեպի «պայծառ ապագա» ճանապարհորդությամբ, սա անձի գիտակցության ու սեփական անձի ու հանրության նկատմամբ իր տարրական պարտավորության խնդիրն է: Բայց երբ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր չեն դասվում նշածս շարքին, կրկին բացասաբար են ընդունում պետության ցանկացած նախաձեռնություն, պետք է նորից հիշել բոլոր այն երևույթները, որոնց իմաստն ու հանրային շահին ծառայելու առաքելությունը դժվար է հասկանալ, և պետությունը քաղաքացիների աչքին երախը բացած ու ամեն ինչ հափշտակել պատրաստվող դև է թվում:

Ցավալի է, երբ սուր հակադրության մեջ են մտնում մի կողմից՝ օբյեկտիվ անհրաժեշտությունն ու հանրային վստահության բացակայությունը, ինչի հետևանքով անհատական ու հանրային շահն է տուժում:

Եվ, այնուամենայնիվ, մի գերազանցեք արագությունը, հարգելի վարորդներ, ձեր ու դիմացինի կյանքի հանդեպ պատասխանատվությունն ունենալը յուրաքանչյուրիդ քաղաքացիական ու մարդկային պարտքն է… Չնայած գրեթե համոզված եմ՝ մենք շարունակելու ենք «անտիռադարներ» տեղադրել մեր մեքենաներում ու արագաչափն անցնելուց անմիջապես հետո գազի ոտնակն այնպես սեղմել, որ թռչենք… Չգիտեմ ուր։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*