Շաքիի ջրվեժի խնդրին նախարարությունը լուծում կտա

Բնապահպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում:

Հայաստանի ամենաբարձր ջրվեժը՝ Շաքին բնապահպանների մշտական մտահոգության թեման է: Հիդրոէներգետիկ, գյուղատնտեսական, զբոսաշրջային կարեւորություն ունեցող Շաքիի ջրվեժն արդեն մի քանի տարի լուրջ խնդիրների առջեւ է կանգնած. «Հակոբջանյան եւ Գալստյան» ՀԷԿ-ի աշխատանքն ազդում է ջրատվության վրա:

Ջրաղբյուրի ջրերի ոչ ճիշտ օգտագործման արդյունքում ջրվեժն այսօր, կարելի է ասել, չի գործում: Բնապահպանության նախարարությունում որոշել են խնդրին վերջնական լուծում տալ: 

«Այս ջրվեժի չաշխատելը կամ ոչ բավարար չափով աշխատանքը հանգեցնում է նրան, որ կորցնում ենք հսկայական հնրավարություն էկոտուրիզմի զարգացման տեսակետից»,- ասաց նախարար Արծվիկ Մինասյանը։ 

«Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ը չի պահպանել ջրօգտագործման թուլտվության կանոնները: Իրականացված ստուգման արդյունքները ներկայացրեց Բնապահպանական պետական տեսչությունը: Եթե ՀԷԿ-ի ջրառը համապատասխանում է սահմանված քանակությանը, ապա նույնը չի կարելի ասել էկոլոգիական թողքի մասին. 200լ/վրկ-ի փոխարեն այն 50լ/վրկ. է:

Շաքիի ՀԷԿ-ի համասեփականատեր, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի համար ջրվեժը Սիսիանի բրենդն է: Վստահեցրեց՝ խնդրի լուծման հարցում ինքն ամենաշահագրգռվածն է: Միեւնույն ժամանակ հիշեցրեց ՀԷԿ-ի կարեւորությունն ու խնդրեց՝ որոշում կայացնելիս՝ հաշվի առնել նաեւ իրենց շահերը: 

«Պատրաստ ենք որոշակի փոխզիջումների, բայց այնպես, որ կարողանանք տնտեսությունը պահպանել, կարողանանք աշխատատեղերն ապահովված պահել»,- ասաց Հակոբջանյանը։  

Բնապահպանության նախարարը հույս է հայտնեց գտնել տնտեսական եւ բնապահպանական խնդիրները հավասարակշռող այնպիսի լուծում, որը կարող է դառնալ միջազգային լավագույն օրինակ: Առաջարկեց լուծման իր տարբերակը՝ սահմանել ռեժիմ՝ ցերեկային ժամերին ջրահոսքն ամբողջությամբ ուղղել ջրվեժ, իսկ գիշերային ժամերին արդեն ՀԷԿ-ը կգործի: 

«Մենք ստանձնում ենք նաեւ պարտավորություն, որ լրացուցիչ ֆինանսական օժանդակության մեխանիզմներ առաջարկենք այս նախաձեռնության իրականացման համար»,- ասաց նախարարը։

Առաջարկին քննարկման մասնակիցների գերակշիռ մասը կողմ էր: Նախնական որոշումն ընդունելուց հետո նախարարը դիմեց հասարակական կազմակերպություններին՝ իրենց առաջարկները ներկայացնել մինչ վերջնական որոշումը:

 

*

*