Համաքաղաքային շաբաթօրյակին աշխատել է 81 միավոր տեխնիկա

Աղբավայր է տեղափոխվել շուրջ 375 տոննա աղբ
shabatoryak-07102017

Երևանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ:

Մայրաքաղաքը մաքրելու ու քաղաքին պատշաճ տեսք հաղորդելու նպատակով վաղ առավոտյան մեկնարկած նախատոնական համաքաղաքային շաբաթօրյակը սկսվել է սանմաքրման աշխատանքների մասնակիցներին ձեռնոցներով, պարկերով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու միջոցառմամբ: Առավել դժվարամատչելի տեղանքները մաքրելու նպատակով օգտագործվել է նաև ծանր տեխնիկա:

Մաքրվել են ընդհանուր օգտագործման տարածքները, այգիները, պուրակները, բակերն ու միջբակային տարածությունները, այդ թվում՝ շինարարական աղբով լցված տարածքները: Հատուկ ուշադրություն է դարձվել «Մաքուր Երևան» ծրագրով նախատեսված՝ օգտատերերի կողմից նշված հասցեների մաքրմանը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 81 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 375 տոննա կենցաղային և շինարարական աղբ:

*

*