Սեւանա լճում պաշտոնապես մեկնարկել է լողաշրջանը

Բացման արարողությանը մասնակցել են լողափում հանգստացող քաղաքացիներ Հայաստանից եւ արտասահմանից:
hanrayin-loghap

Սեւանա լճում պաշտոնապես մեկնարկել է լողաշրջանը: Բացման արարողությանը մասնակցել են լողափում հանգստացող քաղաքացիներ Հայաստանից եւ արտասահմանից: Ներկա էին նաեւ ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներ, մշակույթի դպրոցների սաներ, պետական մարմինների ներկայացուցիչներ:

«Սեւան» ազգային պարկի հանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ: 11 հանրային լողափից 3-ը կահավորված է լողափնյա հանգստի համար անհրաժեշտ պայմաններով: Այնտեղ կան մեքենաների կայանման վայրեր, բուժ.սպասարկող անձնակազմ, փրկարար ծառայություն, ջրային գոտում վերահսկողական եւ այլ ծառայություններ իրականացնողներ: Նմանատիպ պայմաններ են նախատեսվում ստեղծել եւս մեկ լողափում՝ Ծովագյուղի տարածքում:

«Աշխատանքների մի մասն արված է՝ թղթային եւ այլն, բայց ֆինանսական որոշ միջոցների պատճառով դեռեւս վերջնական տեսքի չի բերվել, դեռեւս պատրաստ չի ծառայել այն պայմաններով, ինչ մյուս 3 հանրային լողափերը, բայց գործընթացը շարունակական է, այլ վայրերում նույնպես կան: Նաեւ ունենք գործարարներ, համայնքներից բնակիչներ, ովքեր ցանկություն են հայտնում իրենց համայնքների հարակից լողափների տարածքը մեծացնել, ավելացնել»,- մանրամասնեց բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը:

*

*