Սեւանի աղտոտված լողափերի պատասխանատուները խուսափում էին տեսախցիկից

Աղտոտված լողափերի վարձակալները հրաժարվել են տեսախցիկի առջեւ հարցազրույց տալուց եւ փորձել են խոչընդոտել նկարահանումը:

Սեւանի թերակղզու մոտ աղտոտվածությունը տարիներ շարունակ անհանգստացնում է հանգստացողներին: Մեր նկարահանող խումբը երեկ այցելել է թերակղզու տարածք եւ փորձել է արձանագրել եղածը:

Սանիտարահիգենիկ նորմերին համապատասխան լողափերը քիչ չեն, իսկ մեր արձանագրած աղտոտված լողափերի վարձակալները հրաժարվել են տեսախցիկի առջեւ հարցազրույց տալուց եւ փորձել են խոչընդոտել նկարահանումը:

Սեւանի թերակղզու «Պալագմա» լողափում աղբն ամենուր էր. մի քանի օր լողափում մնացած աղբի տոպրակների հոտն անգամ հեռվից էր զգացվում: Երբ վարձակալած տարածքի պատասխանատուն նկատեց տեսախցիկը, փորձեց խոչընդոտել նկարահանումը: Խնդրում էր՝ չարձանագրենք եղածը, իսկ մեկնաբանել հրաժարվում էր: Ներկայացավ որպես Արտաշես Գեւորգյան: Սկզբում հավաստիացրեց՝ աղբը քամին է բերել, հետո մտափոխվեց՝ հավաքարարներից մեկի աշխատանքի չգալու պատճառով է: Երբ սկսեցինք նկարահանել, նոր միայն աշխատակիցներին հրահանգեց՝ մաքրել տարածքը:

Հավաքարարի խոսքով՝ աղբի տոպրակները շատ չեն, մոտ 13-14 տոպրակ է սպասում աղբատար մեքենային: Հարցին՝ ինչո՞ւ է տարածքը կեղտոտ, պատասխանում է. «Թերակղզու տարածքը պետության սեփականությունն է, որը վարձակալությամբ տրվել է տնտեսվարող սուբյեկտներին»:

Վերահսկողությունն իրականացնում է «Սեւան ազգային պարկը». ըստ նրանց՝ եթե վարձակալողները խախտում են նախապես համաձայնեցված պարտականությունները, ապա դրանց մասին Ազգային պարկը տեղեկացնում է բնապահպանական տեսչությանը՝ տուգանքները կիրառելու համար: Այս դեպքում վարձակալողները պարտավոր են պահպանել սանիտարական նորմերը՝ եթե ոչ ամեն օր, ապա 2 օրը մեկ իրականացնեն մաքրման աշխատանքները:

«Պալագմայի» տարածքում աղբի տոպրակները 5 օր չէին հեռացվել: Դիմացն «Արարատ» լողափն է, «Պալագմայում» հանգստացողներն այստեղ են լողում: Նախորդի համամետ մաքուր է, իսկ հարեւան «Նառա» լողափում, սակայն, աղբ նկատվում էր. լողափում հանգստացող Երեւանից եկած դասախոսը մեկնաբանում է՝ հաճելի չէ, որ շուրջբոլորդ աղբ է:

 

Մանրամասները՝ տեսանյութում

*

*