Հուլիսի 1-ից Գեղարքունիքի մարզում կմեկնարկի հանգստյան սեզոնը

Սեւան են այցելել մոտ 380 հազար հովեկ ու զբոսաշրջիկ...
sevan loxap044

Հուլիսի 1-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որը պատշաճ կերպով ու անվտանգ սպասարկելու համար Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության, ԱԻՆ մարզային կառույցների եւ Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների, «Սեւան» ազգային պարկի տնօրենի եւ Սեւանի քաղաքապետի հետ:

Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ հուլիսի 1-ից մարզում մեկնարկում է հանգստյան սեզոնը, որի ընթացքում սպասվում է մեծաքանակ զբոսաշրջիկների հոսք:

«Այս դեպքում ի հայտ են գալիս հասարակական կարգի պահպանման, մարդկանց կյանքի անվտանգության ապահովման, առողջապահական, շրջակա միջավայրի մաքրության պահպանման եւ այլ ոլորտների հետ կապված խնդիրներ: Դրա համար հարկավոր է բոլոր ուղղություններում ապահովել հանգստյան սեզոնի անվտանգ ու պատշաճ սպասարկում: Անչափ կարեւորում եմ նաեւ շրջակա միջավայրի մաքրության պահպանումը հանրային լողափերում, հանգստյան գոտիներում, ժամանցի վայրերում, լճափնյա հատվածներում»,-նշեց մարզպետը:

«Սեւան» ԱՊ տնօրեն Վահե Գուլանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա վիճակագրական տվյալներով, հանգստյան սեզոնում Սեւան են այցելել մոտ 380 հազար հովեկ ու զբոսաշրջիկ:

«Այս տարի եւս մենք կանխատեսում ենք հովեկների ու զբոսաշրջիկների թվի էական աճ: Նրանց պատրաստ կլինեն ընդունել հանրային չորս լողափեր, որոնցից 3-ը՝ Սեւան եւ 1-ը՝ Մարտունի քաղաքներում»,-հավաստեց «Սեւան» ԱՊ տնօրենը:

*

*