Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերն այսօր փակել էին Երեւան-Սեւան մայրուղին

Սասուն Միքայելյանի առաջարկով ճանապարհը բացել են՝ մինչև չորեքշաբթի սպասելու պայմանով
sevan-cuyc

Այսօր՝ հուլիսի 15-ին, Սևանա լճի ափամերձ շինությունների մի խումբ սեփականատերերը Սեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:

«Անցած տարվա հանգստացողների 2 տոկոսն է այս տարի Սեւանում հանգստանում։ Անցած տարի ազատ տեղ չունեինք, այս տարի էլ մարդ չի գալիս»,- ասում էին ակցիայի մասնակիցները:

Նրանք վստահ են, որ այս ամենում դիտավորություն կա. «Տուրիստական ընկերություններն ամեն ինչ անում են, որ մարդկանց տանեն Քոբուլետի»։

Ցուցարարները նաեւ վրդովված են՝ եթե Սեւանի ջուրը թունավոր է, ինչո՞ւ են այդ ջրով Արարատյան դաշտավայրը ոռոգում։

Ցուցարարները հանդիպել են Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, ցուցարարների խոսքով՝ նրանք զանգում են առողջապահության նախարարին եւ շրջակա միջավայրի նախարարին, սակայն չգիտեն՝ կգան նախարարները եւ կհանդիպեն ցուցարարների հետ։

Ցուցարարները քաղաքապետարանի դիմաց ակցիա անելուց հետո ցույցը շարունակեցին Երեւան-Սեւան մայրուղու «Գայի պոստ» կոչվող հատվածում՝ փակելով մայրուղին. նրանք պահանջում էին կառավարության ներկայացուցիչներից հայտարարել, որ Սեւանի ջուրը թունավոր չէ եւ վտանգավոր չէ լողալու համար։

Ցուցարարների հետ հանդիպման եկավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով, եթե լճի ջուրն իսկապես վտանգավոր է, պետք է պաշտոնական հայտարարություն արվի, այլապես «մի կտոր» հաց աշխատող մարդիկ ֆինանսական մեծ վնասներ են կրում։

Ցուցարարները Սասուն Միքայելյանի առաջարկով բացեցին Սևան-Երևան ավտոճանապարհը՝ մինչև չորեքշաբթի սպասելու պայմանով։

Այնուհետ ցուցարարները շարժվեցին Սևանի թերակզու հանրային լողափ։

*

*