Սեւանա լճում թռչունների անկման խնդիրը նախարարությունում քննարկվում է

Սևանի սառցակալման հետևանքով մտահոգությունը, որ փոխանցվել է բնապահպանների կողմից, քննարկման փուլում է:
sevan

Բնապահպանության նախարարությունը քննարկում է Սևանա լճի սառցակալման ու դրա պատճառով թռչունների անկման հարցը: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Սևանի սառցակալման հետևանքով մտահոգությունը, որ փոխանցվել է մեզ բնապահպանների կողմից, նրանց մասնակցությամբ քննարկման փուլում է: Սակայն բնապահպանության նախարարությունը պետք է ունենա անհրաժեշտ ֆինանսական հնարավորություններ, որ իրականացնի սառցահատման աշխատանքներ», — ասաց Արծվիկ Մինասյանը:

Միաժամանակ, նա ապատեղեկատվություն որակեց այն պնդումները, թե սառցակալման հնարավորության մասին նախարարությունն օդերևութաբանների կողմից տեղեկացվել է նախապես, սակայն լուրջ չի վերաբերել ստացած տվյալներին:

«Թող որևէ մեկը նման բան ասի, որ մեզ դիմել են, մենք չենք արձագանքել: Նման բան չկա», — ասաց Արծվիկ Մինասյանը:

Ավելի քան քսան օր է, ինչ Սեւանա լիճն ամբողջովին պատված է սառույցի հաստ շերտով:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության  վարչության պետ Համբարձում Համբարձումյանը հայտնել է, որ թեեւ Գեղարքունիքում մարտի 4-ից ցերեկային ժամերին գրանցվում  է տաք ջերմաստիճան, սկսվել է ձյան հալոցքի շրջանը, սակայն լճի վրա գոյացած սառույցի շերտը չի հալվում կամ ջարդվում:
«Սեւանը սառցե կապանքներից կարող է ազատվել կամ տաք եւ ուժեղ քամիների ազդեցությամբ, կամ ավելի արագ հալոցքի եւ առատ անձրեւների պայմաններում: Սակայն առայժմ մարզում եղանակը հանդարտ է, առանց տեղումների, ինչը նշանակում է, որ գուցե օրեր կամ շաբաթներ դեռեւս լճի սառցակալած վիճակը պահպանվի»,- ասել է վարչության պետը:
Գեղարքունիքի մարզի թռչունների խնամակալ, «Սեւան» ազգային պարկի պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Սեւանա լճի սառցակալման հետեւանքով ուշանում է նաեւ Սեւանում բնադրող թռչունների գարնանային չուն:
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ գարնանը Սեւանում բնադրող թռչնատեսակները չեն երեւում: Հավանաբար, նրանք հեռացած կլինեն Հայաստանի լճաճահճային մոտիկ այլ տարածքներ, քանի որ այս օրերին Սեւանա լճում բնադրելու, կեր հայթայթելու համապատասխան տարածք չունեն»,- նշել է Արտակ Սարգսյանը:

*

*