Սեւակ Խանաղյան. «Չէի պատկերացնում, որ այդ աստիճան հզոր աջակցություն եմ ունենալու»

Ուկրաինական X ֆակտոր նախագծում հաղթելուց հետո Սեւակ Խանաղյանն առաջին անգամ է հայրենիքում:
Ուկրաինական X ֆակտոր նախագծում հաղթելուց հետո Սեւակ Խանաղյանն առաջին անգամ է հայրենիքում: Անսովոր այց է, այս անգամ նրան ոչ միայն հարազատներն ու ծանոթներն են սպասում այստեղ, այլեւ մեծաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներն եւ երկրպագուները:
 
Տասներեք տարեկանում Սեւակն ընտանիքի հետ հայրենի Մեծավան գյուղից բնակության է տեղափոխվել Մոսկվա: Այնտեղ էլ ստացել է երաժշտական կրթությունը: Մասնակցել է ռուսական երկու հայտնի երաժշտական նախագծերի: Թեեւ հաղթանակ չի գրանցել, բայց դարձել է սիրված ռուս հանդիսատեսի շրջանակում: Այլ կերպ են դասավորվել իրադարձություններն ուկրաինական X ֆակտոր նախագծում:
 
« X ֆակտորի դեպքում ամեն ինչ ավելի լավ ստացվեց: Ինձ ընտրության ազատություն էր տրված, եւ արել եմ այն, ինչ ուզել եմ: Ինձ համար մեծ ձեռբերում էր, որ կարողացա հեղինակային երգերս ներկայացնել: Դա արտիստին ամբողջովին բացահայտվելու եւ հանդիսատեսին մոտենալու հնարավորություն է տալիս»,- նշեց Սեւակը:
 
Վերջինս անկեղծացավ՝ նախագծում հաղթանկը եւս իրեն հեշտությամբ չի տրվել:
 
«Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց ինձ ամեն ինչ մեծ ջանքերի գնով է տրվում: Հենց այնպես ոչինչ չի լինում, եւ դա ինձ ավելի ուժեղ է դարձնում ու զարգացնում է»:
Հարցին, թե Իքսֆակտորյան օրերին տարածված «Հայրենիք» երգը փիառ քայլ էր, թե ոչ, պատասխանեց.
 
«Այն ամենը, ինչ կապված է հայրենիքի, հայրենի հողի հետ, սուրբ է: Դա խաղալիք չէ, դրանով չեն խաղում եւ ինձ համար շատ տհաճ կլինի, եթե ինչ-որ մեկը մտածի, թե այդ երգի ձայնագրությունը փիառի համար է արվել»:
 
Ինչպես «Հայրենիքի», այնպես էլ «Վերադարձեք» երգի դեպքում Սեւակն ասում է՝ հույզերը մեծ են եղել: Պատերազմը չի տեսել, բայց հասկանում եւ ընկալում է ամեն մի բառը, եւ շատ ուրախ է, որ «Վերադարձեք» երգը ներկայացրել է հենց ուկրաինական նախագծում:
 
«Երբ կարդացի այդ բառերը, փշաքաղվեցի, ինչը հազվադեպ է լինում: Դա չի կարող որեւէ ադեկվատ մարդու չհուզել: Կարծում եմ՝ ստացվել է չփչացնել բառերը»:
 
Սեւակը նաեւ շատ շնորհակալ է իր հայրենակիցներին մեծ աջակցության համար, որն անմիջականորեն զգացել է մրցույթին մասնակցելու ընթացքում:
 
«Հույս ունեի, որ հայրենակիցներս աջակցելու են ինձ, բայց չէի պատկերացնում, որ այդ աստիճան հզոր աջակցություն եմ ունենալու: Դա նաեւ մեծացնում էր պատասխանատվությունը. պետք է արդարացնեի մարդկանց հույսերը»: 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*