Սերժանտ Սեխլիյան. «Թշնամուն հաղթեցի, հիմա պայքար է գնալու իմ ու քայլելու միջեւ»

Թալիշից նոր էր վերադարձել Հայկ Սեխլիյանը, երբ ապրիլի 2-ի գիշերը կրկին տագնապով Երեւանից օգնության հասան:

Թալիշից նոր էր վերադարձել Հայկ Սեխլիյանը, երբ ապրիլի 2-ի գիշերը կրկին տագնապով Երեւանից օգնության հասան: Գիշերվա մարտերից հետո, թվում էր, հակառակորդը դիրքերն ամրացնում է, սակայն պայմանագրային սերժանտի ու ընկերների համար գրավված հենակետերը հետ վերցնելը պատվի հարց էր: Երկու օր պայքարից հետո գլխավոր խնդիրը լուծված էր, այդ ժամանակ էլ Հայկը ծանր վիրավորվեց:

«Երկիրն այսօր»-ն այցելել է Հայկ Սեխլիյանին, որը վիրավորվել է Թալիշում։ Արդեն երկու անգամ կատարվել է ողնաշարի վիրահատություն, իսկ ապագայում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում շարունակելու է հետագա բուժումը: Հիմա դեռեւս ոտքերը չի զգում, սակայն վստահ է, որ ոչ միայն կքայլի, այլեւ կկարողանա վերադառնալ զինվորական ծառայության:

«Դեպքը տեղի ունեցավ ամսի 4-ին, գրադի ականի պայթյունից: Վնասվածքը ստացա ողնաշարից, ցավոք, կիսատ թողեցի գործս, ինձ տեղափոխեցին Երեւան»,- ասում է սերժանտ Սեխիլյանը։

Թալիշի մարտական գումարտակին օգնության առաջինը հենց Հայկի խումբն էր հասել, ու իրենց վրա վերցրել նաեւ լուրջ հարվածներ:

«Կարեւորագույն օբյեկտներն առաջինը մենք ենք հետ վերցրել, պահել ենք ամեն գնով, մինչեւ տղաները տեղ են հասել, իրար փոխելով, իրար ուժ տալով»,- պատմում է Հայկը:

Ցավոք, հաջողությունները նաեւ կյանքի գնով էին:

«Մեր ընկերը, մեր Մկրտչյան Սասունը, Աստված հոգին լուսավորի, զոհվեց: Մեր խումբն այդ ամբողջ ընթացքում մի զոհ տվեց՝ բարձունքը գրավելու ժամանակ: Բայց ամեն գնով, մեր Սասունի կյանքի գնով մենք էդ դիրքը հետ վերցրինք ու պահեցինք»:

Հայկը խոստովանում է, որ պայքարն անհավասար էր թե՛ թվի, թե՛ տեխնիկայի առումով: Սակայն մեր զինվորների ոգին կոտրել հնարավոր չէր:

«Դիրքերից ամենակարեւոր դիրքն էր եւ մենք փոքր թվով կռվում էինք իրենց էլիտ-գրուպայի դեմ: Զինված էին շատ լավ եւ լավ էլ մարտ էին վարում, սակայն դա չխանգարեց մեզ, որովհետեւ մենք ունեինք կամքի ուժ, մենք ունեինք լավ սպայական կազմ, ճիշտ մարտավարություն»,- ասում է Հայկը:

Հայկի առաջին վիրահատությունը Ստեփանակերտի հիվանդանոցում էին արել, բեկորներից մեծը ողնաշարից հեռացնելուց հետո կյանքին վտանգ այլեւս չէր սպառնում, սակայն հարկավոր էր երկրորդային վիրահատություն: Դա եւս արվել է: Հիմա մնում է պայքարը շարունակել արդեն քայլելու համար:

«Պայքար ա գնալու իմ ու քայլելու միջեւ, արդեն ձեռնոց եմ նետել»:

Ոտքերը գետնին ամուր դնելուց հետո կրկին հագնելու է զինվորականի համազգեստը: Ամբողջ ուժերը կլարի ու գուցե իր ոտքով գնա ու ստանա «Մարտական խաչ» իր շքանշանը:

*

*