«Հայաստանի պետությունը թերևս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ավելի լավը դարձնելու համար»

Սերժ Սարգսյանը Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է...
arkadi-serj-bako-katoxikosner-gagik

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է տարբեր ուղղություններով թեմատիկ քննարկումներից մեկին՝ Համահայկական խորհրդի ստեղծման և Հայաստան-սփյուռք գործակցության հետագա զարգացման հարցերին նվիրված աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով:

«…Համահայկական միասնության և կազմակերպական ձևի հարցի քննարկման, դրա լուծումների փնտրտուքի շատ հարուստ և բազմաբնույթ փորձ ենք կուտակել, որին, կարծում եմ, այստեղ անդրադառնալու կարիքը չկա: Սակայն անցած ճանապարհից, անշուշտ, կարելի է կատարել մի շարք եզրակացություններ:

Առաջին եզրակացությունը, իմ կարծիքով, այն է, որ յուրաքանչյուր ժողովրդի ամենակարևոր և ամենակենսունակ ինքնակազմակերպման ձևը ժամանակակից ազգային պետությունն է: Հայաստանն այսօր այդպիսին է՝ դրան բնորոշ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, որոնք, ի թիվս այլ կարևոր գործառույթների՝ այսօր հավուր պատշաճի պաշտպանում են մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգային-պետական շահերը և անվտանգությունը:

Այո՛, Հայաստանի պետությունը թերևս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու և ավելի լավը դարձնելու համար: Ուստի, ինչ կառույց էլ ստեղծենք, այն գալու է փոխլրացնելու, զորավիգ լինելու Հայաստանի պետականությանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները վկայեցին, որ մեր պետությունը պատրաստ է և կարող է ստանձնել առաջնորդողի դերը: Ավելին, այդ առաջնորդությունը սպասված էր նաև սփյուռքում:

Երկրորդը. ինչ կառույց էլ ստեղծենք, այն կոչված չի՛ լինելու փոխարինելու կամ մրցակցելու սփյուռքում արդեն գոյություն ունեցող կազմակերպական կառույցներին: Այս գործընթացի նպատակը ոչ թե արդեն ավանդաբար ձևավորված կառույցների փոխարեն մի նոր կառույց ստեղծելն է, այլ արդեն գոյություն ունեցող կառույցների, սփյուռքի վառ և ճանաչված անհատ ներկայացուցիչների համար ընդհանուր հարթակ ձևավորելը:

Անշուշտ, մենք պետք է գիտակցենք, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի ամենահզոր ռեսուրսը հայ մարդն է՝ իր վառ անհատականությամբ: Ավելին, այդ վառ անհատականություններն ապրում են աշխարհի ամենատարբեր պետություններում՝ հանդիսանալով դրանց լիիրավ և նվիրյալ քաղաքացիներ:

Թող ոչ ոք չմտածի, որ հնարավոր է կամ կարիք կա ստեղծելու կենտրոնաձիգ, բրգաձև ինչ-որ մի համահայկական կազմակերպություն: Բնավ ո՛չ: Դրա կարիքը բացարձակապես չկա: Նման հարցադրում կատարելը ոչ միայն իրատեսական չէ, այլև, կարծում եմ, վնասակար է:
Հաշվի առնելով հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է ստեղծել ցանցային կառույց՝ հիմնված նորարար մոտեցումների վրա: Այդ աշխատանքային ցանցում անհրաժեշտ է ապահովել գաղափարների ազատ փոխանակման և ընդհանուր ծրագրերի մշակման լավագույն հնարավորությունները»-մասնավորապես ասել է հանրապետության նախագահը:

*

*