Նախագահն ընդունել է Արցախի ԱԺ խորհրդարանական պատվիրակությանը

Սերժ Սարգսյանը կարևորել է միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջև
serj-sargsyan-artsakhi-aj

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությանը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստին:

Հանրապետության նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում և կարևորել միջխորհրդարանական սերտ շփումները հայկական երկու հանրապետությունների միջև՝ ընդգծելով, որ ինչ ձևաչափով էլ դրսևորվի փոխգործակցությունը՝ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստեր, ԱԺ մշտական հանձնաժողովների պարբերաբար անցկացվող համատեղ նիստեր կամ պատգամավորական խմբերի շփումներ, դա, ամեն դեպքում, լավագույն ձևն է միմյանց միջև տեղեկատվություն փոխանակելու և ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու:

«Ինձ մշտապես լավատեսությամբ է համակում այն հանգամանքը, որ չնայած պարտադրված պատերազմին, չնայած շփման գծում լարվածության առկայությանը, Արցախի մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատով են լցված իրենց ապագայի նկատմամբ և այդ հավատով ամրապնդում են իրենց պետականությունը, ավելացնում բարեկեցությունը, զարգացնում ժողովրդավարությունը: Եվ սա բոլորիս համոզում է, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, և որ մեր կամքն անբեկանելի է»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Արցախի ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հյուրընկալության համար՝ նշելով, որ ՀՀ ԱԺ-ի հետ միջխորհրդարանական համագործակցության նիստերի շրջանակում Հանրապետության նախագահի մոտ ավանդաբար հյուրընկալվելը շատ կարևոր է խորհրդարանականների համար, քանի որ նման հանդիպումները լավ հնարավորություն են համագործակցության օրակարգից բացի անդրադառնալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արդիական թեմաներին, համահայկական նշանակության խնդիրներին:

*

*