Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակը

Նախագահը շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին։
hayastan-hamahaykakan

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ այցելել է հիմնադրամի գրասենյակ, շրջայց է կատարել հիմնադրամում, ծանոթացել ստորաբաժանումների գործունեության պայմաններին, նրանց կողմից իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել հիմնադրամի ղեկավար կազմի հետ, շնորհավորել է գործունեության 25-ամյակի կապակցությամբ: Համոզմունք է հայտնել, որ հիմնադրամը պետք է շարունակի իր գործունեությունը՝ լինելով համահայկական մեր կարեւորագույն կառույցներից մեկը եւ կան մարտահրավերներ, որոնց դիմակայել կարելի է միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ գործունեությամբ:

«Գնահատելի է, որ հիմնադրամը մշտապես աշխատել է թափանցիկ, և ամեն նիստի ժամանակ հատուկ ստեղծված հաշվեքննիչ հանձնաժողովը մշտապես գնահատել է հիմնադրամի գործունեությունը:

Անշուշտ, հիմնադրամի շարժիչ ուժը մեր տեղական կառույցներն են, մարդիկ, ովքեր ուղղակի սեփական ժամանակի, հնարավորությունների օգտագործմամբ կարողացել են և այսօր էլ կարողանում են ստեղծել այն հիմքը, որը հնարավորություն է տալիս հիմնադրամին գործունեություն իրականացնել: Կարծում եմ` առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ հիմնադրամը վստահություն է ձեռք բերել: Թերևս, քիչ հիմնադրամներ կան, որոնք ունեն այդքան նվիրատուներ` 700 հազար նվիրատու, իսկ դա նշանակում է 700 հազար մարդու վստահություն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

*

*