Սաշան բանակ գնալուց առաջ նկարել էր այն փամփուշտը, որից զոհվեց

Սաշան պաշտպանության կազմակերպումը վերցրել է իր վրա ու մի քանի ժամ շարունակ կրակ է տեղացել հակառակորդի վրա...

«Խիզախությունը բնորոշ է հայ ժողովրդին, միայն խիզախներն են հասնում հաղթանակի: Խիզախ է նա, ով իր կյանքը զոհում է հանուն հայրենիքի»

Սաշան սա գրեց 3-րդ դասարանում եւ 19 տարեկանում կյանքով ապացուցեց: Սաշա Գալստյանը խիզախ տեսակ էր, պայքարող, ձգտող, իրենով ապացույցն էր այն բանի, որ մարդկային բարձր արժեքներն այսօր էլ են անհրաժեշտ ու գնահատելի, էությամբ գերազանցիկ էր:

«Աստված ինձ մեծ հրաշք էր արել իրեն պարգեւելով: Թեեւ 20 տարի վայելեցի, որից 2 տարին իմ կողքին չեղավ, բայց վայելեցի, ու ողջ կյանքիս համար դա ինձ հերիք է: Ես տղայիս չեմ կորցրել, իմ ներսի էությունն է գնացել, «կառոպկես» է մնացել»,- ասում է Սաշայի հայրը՝ Վաչագան Գալստյանը:

Ըստ նրա՝ Սաշան միշտ պատրաստ էր անհատույց տալու, նվիրվելու, սիրելու, եւ իր անսահման բարությանը զուգահեռ նաեւ չափազանց խելացի էր:

«Ասում էի՝ տղես, որ էդ մասնագիտությունն ընտրեցիր, այնքան ուրախ եմ, դու բիզնեսի մարդ չես, իսկ էսի իսկական քո հագով է: 8 հոգու համար, որ ձրի անես, նրանց օրհնանքներն ինձ հերիք են, էն երկուսին էլ որ փողով անես, հերիք է, որ դու շատ լավ ապրես»:

Ատամնատեխնիկի մասնագիտությունն էր ընտրել. Հոկտեմբերյանի պետական բժշկական քոլեջը կարմիր դիպլոմով էր ավարտել եւ ընդունվել Երեւանի «Հայբուսակ» համալսարան՝ միանգամից 3-րդ կուրս: Հունվարի 13-ին առաջին կիսամյակի վերջին քննությունն էր հանձնել ու հաջորդ օրն էլ գնացել բանակ:

«Ընդամենն ինքը տարիքով էր 18, որ գնաց, գաղափարապես կայացած տղամարդ էր: Ինքն արդեն հոր նման էր վերաբերվում զինվորներին՝ չբացվեն, չմրսեն, սոված չլինեն, պոստի կանգնած չմրսեն»:

Սաշայի ծառայակից ընկերներն այսօր հաճախ են այցելում նրա ծնողներին, ասում են՝ բանակում անունը «Ջիգյար» էին դրել` միշտ ժպիտը դեմքին էր: Սաշան սանհրահանգիչ էր, դիրքի ավագը, մինույն ժամանակ գիշերային կապի ծառայությունն է ապահովել հրամանատարական դիտակետից:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*