Փողոցների մաքրման խնդիրը մտահոգում է երեւանցիների մեծ մասին

Քաղաքացին սառույցի վրա սայթաքելուց կոտրել է ձեռքը
Եղանակային անոմալիան շարունակվում է, ցուրտն էլ կարծես Երեւանից չի հեռանում: Երեւանում Ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ ձեւով չեն կատարվում, առանձնապես անմխիթար վիճակում են շենքերի բակերն ու երկրորդական փողոցները: Այս խնդրով քաղաքացիները հաճախ են ահազանգում:
Երեւանի Զավարյան փողոցի բնակչուհի Էմմա Հովսեփյանը սառույցի վրա սայթաքելուց ձեռքն է կոտրել: Այժմ վախենում է նույնիսկ մոտակա խանութ գնալ: Մեկ ամսից ավելի է՝ փողոցը պատված է սառույցի հաստ շերտով: Բնակիչները բողոքում են՝ իրենց տների դիմաց մաքրում են, բայց չեն կարող սեփական ուժերով սառույցի հաստ շերտը կոտրել: Այստեղ մասնագետների միջամտություն է պետք՝ հատուկ սարքավորումներով: Սակայն միջամտություն այդպես էլ չի եղել:
«Չենք կարողանում գնանք գոնե հաց առնենք գանք, գոնե մաքրվեր: Իմ դռան դեմը մաքրում եմ ինչքան հնարավորություն ունեմ մի որոշ մասը, բայց դրանից այն կողմ հո չեմ կարող մաքրել»,- ասում է քաղաքացին:
 
Փողոցների մաքրման խնդիրը մտահոգում է երեւանցիների մեծ մասին:
Նարդոս փողոցի այս հատվածը խոսուն վկաներից մեկն է: Ջրի արտահոսքը սառույցի հաստ շերտ է գոյացրել: Անցորդները չեն կարողանում տեղաշարժվել, իրենց միջոցներով աղ են ցանում, օգուտ չի տալիս:
2014 թվականից մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքների գլխավոր պատասխանատուն Սանիթեք ընեկրությունն է: Իր պատասխանատվության տակ են առաջնային եւ երկրորդային կարեւորության ճանապարհները, հասարակական նշանակության օբյեկտները, բակային տարածքներն ու կամուրջները:
 
«Ձնամաքրման աշխատանքների ժամանակ առաջնահերթությունը նախ տրվում է գլխավոր ճանապարհներին, հետո երկրորդային ճանապարհներն են, հաջորդիվ ՝ մայթեզրերը, բարդ բակային տարածքները եւ վերջում՝ ընդհանուր բակային տարածքներ են: Տեխնիկապես հնարավոր չէ միանգամից բոլոր բակերը մաքրել»,- նշում է «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը:
 
Ընկերության ղեկավարի խոսքով՝ ձնամաքրման աշխատանքներին մեծապես խոչընդոտում է սաստիկ ցուրտը: Աշխատանքները հիմնականում ցերեկային ժամերին են արվում, մաքրված հատվածներում ջրագոյացում է լինում, որը գիշերը վերածվում է սառույցի: Մարդկանց հորդորում է ահազանգել՝ խնդրահարույց դեպքերին առաջանհերթ արձագանքելու նպատակով:
 «Բնակչության դժգոհությունների մասին տեղյակ եմ: Սա մեր թերացումն է:Բայց մենք առաջին ձյունից մինչ օրս չենք դադարեցրել աշխատանքները: Թեժ գծով ստացված ահազանգերի ավելի քան 90 տոկոսն արդեն լուծված է: Կխնդրեի մարդկանց համագործակցող լինել: Զանգահարեք մեր թեժ գծին ՝ 80-90 հեռախոսահամարով, որպեսզի տեղեկանանք խնդրի մասին ու այն առաջնահերթ կարգով լուծենք: Մյուս բակերն էլ աստիճանաբար կմաքրվեն, որոշ ժամանակ անց արդյունքը տեսանելի կլինի»:
Մայրաքաղաքում սանմաքրման աշխատաքներ իրականացնող ընկերության աշխատանքին անդրադարձել է նաեւ Երեւանի քաղաքապետը՝ այն գնահատելով թերի: Հանձնարարվել է խստորեն վերահսկել բակերի եւ միջբակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Համատիրություններին էլ հանձնարարել է ներգրավվել այդ աշխատանքներում: Սանիթեքից տեղեկացնում են՝ համատիրություններին արդեն տրամադրել են աղի եւ ավազի անհրաժեշտ պաշարներ:

*

*