«58 տարեկան մարդ եմ, պատրաստ եմ նորից զենք վերցնել». Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ տոնական միջոցառում

Այս օրերին եւ այսօր հատկապես հայացքներս ուղղված են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին...

Այս օրերին եւ այսօր հատկապես հայացքներս ուղղված են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրին: Վաղ առավոտից այնտեղ են ուղղվել շատ համերկրացիներ: Հուշահամալիր են այցելել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պետական այրեր:

Հյուրերը մասնակցել են Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսին: Պաշտոնական արարողությունների հատվածը Լուսինե Ղարիբյանի ռեպորտաժում:

1918 թվի մայիսի վերջին օրերին ղողանջում էին Էջմիածնի Մայր տաճարի, Արագածից մինչեւ Արաքս, Սարդարապատից մինչեւ Սեւան եկեղեցիների զանգերը: Դրանք տագնապի ղողանջներ էին: Թուրքական առաջին հարձակումը Սարդարապատի ուղղությամբ մայիսի 21-ին էր:

Հերոսամարտի վայրում կանգնեցված հուշահամալիրում այսօր նորից հնչում են զանգերը՝ 98-ամյա հաղթանակի: Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պետական այրեր Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել են Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսին: Նախագահը ծաղկեպսակ է դրել ճակատամարտի հուշակոթողին, Գարեգին Երկրորդը հոգեհանգստի կարգ է կատարել՝ աղոթք հնչեցրել հերոսների հիշատակին:

Շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանն ասել է, որ մայիսի 28-ն առաջին հերթին փրկության տոն է, եւ նոր Սարդարապատ այլեւս չի լինելու, որովհետեւ կա պետություն, կա անկախության սերունդ, որը բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը:

1918 թվին հայ ժողովուրդը միասնական էր թիկունքում եւ մարտի դաշտում: Մայիսյան հաղթանակները ծնունդ տվեցին երկար սպասված Հայաստանի Առաջին Հանրապետությանը:

«Հայկական պետականության վերականգնումով մենք մեր անկման ընթացքին վերջ տվեցինք, թեպետ ես չգիտեմ 1918 թվականի այդ սերունդը, որ կերտում էր այդ հերոսությունը, ինքը գիտակցո՞ւմ էր՝ ինչքան մեծ բան է անում, բայց որ իրենց արածը ոսկե տառերով է գրված եւ երբեք չի նսեմանա դրա արժեքը, փաստ է»,- նշեց Հրանտ Մարգարյանը:

Զավեն Քոչարյանն իր օրինակով գիտի՝ ազատ ու անկախ երկրում ապրելու համար պայքարել է պետք: «Սեւ հովազ» ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին: Այսօր էլ 2 որդիներն են հայրենիքի պաշտպանները:

«58 տարեկան մարդ եմ, պատրաստ եմ նորից զենք վերցնել ու գնալ ու պայքարել զինվորի կողքին: Իմ ապրելն ի՞նչ իմաստ ունի, եթե պիտի իմ հայրենիքը չպաշտպանեմ: Եթե պետք է զոհվեմ, թող ջահելը մնա, ես զոհվեմ: Ես սիրում եմ իմ երկիրը: Փառք մեր հայրենիքին, մեր զինվորին»,- անկեղծացավ ազատամարտիկ Զավեն Քոչարյանը:

Վերջինս Սարդարապատի հուշահամալիր թոռնուհու հետ է եկել: Մինչ թանգարան կհասնեն, նրան պատմում է մեկդարյա ու մերօրյա հաղթանակների մասին:

*

*