«Ես ինձ էնքան թեւ ու թիկունք ունեմ». 65-ամյա կնոջը ծեծած տղայի` ՀՀԿ-ական գյուղապետ հայրը հպարտանում է իր կապերով

Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու` ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ:
saratak-tim

Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են լինելու: Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու` ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանի որդին՝ Արթուր Ղրզոյանը, հայտնվել է աղմկահարույց պատմության մեջ, ինչի մասին մամուլն արդեն երկու օր է՝ գրում է:

Նույն գյուղի 65-ամյա բնակչուհի Սվետլանա Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում վերհիշեց չարաբաստիկ օրվա մանրամասները. օգոստոսի 21-ի երեկոյան տունդարձի ճանապարհին գյուղապետի տղայի կողմից ենթարկվել է ծեծի:

«Երեկոյան վերադառնում էի հորեղբորս տնից: Իմ տնից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բռունցքով հարվածեց գլխիս: Ես ընկա գետնին: Հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել: Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղան էր՝ Արթուր Ղրզոյանը: Երբ նա փախավ, ես հետևից գնացի ու համոզվեցի, որ ինքն է»,- պատմեց կինը:

Ի դեպ, երբ այս պատմության մասին բարձրաձայնվել է, գյուղապետը գնացել է Սվետլանա Վարդանյանի տուն: Նա սկզբում ասել է, որ իր որդին այս պատմության հետ կապ չունի, բայց հետո, երբ Սվետլանա Վարդանյանը նկարագրել է՝ ինչ կոշիկներ, հագուստ է եղել տղայի հագին, նաև ասել է, որ նրա դեմքը տեսել է, գյուղապետը սկսել է սպառնալ. «Եթե հանկարծ տղուս գլխից մի մազ պակասի, ես պատրաստ եմ ամեն ինչի` բոլոր սրբերին կուրանամ: Ում ուզում եք բողոքեք, ուզում եք` հանրապետություն նախագահին բողոքեք»:

Սարատակի գյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Միշա Ղրզոյանը պատեհ-անպատեհ հպարտանում է, որ ոստիկանությունում ծանոթներ ունի:

«Հայտարարում է, որ Արթիկի միլպետն իր ընկերն է, ու հույս ունի, որ ՀՀԿ-ն այս անգամ էլ իրեն լավ սատարելու է»,- ասացին գյուղացիները:

Ինքը՝ գյուղապետը, որդու քաջագործությունները ծածկելու համար սլաքներն ուղղել է դեպի Դաշնակցությունը. news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե Սվետլանա Վարդանյանն այս լուրերը տարածում է, քանի որ ՀՅԴ-ն  կնոջն աշխատանք է խոստացել:

Անդրադառնալով այս զավեշտալի հայտարարությանը՝ Yerkir.am-ի հետ զրույցում Սվետլանա Վարդանյանը հայտարարեց. «Ի տարբերություն գյուղապետի ընտանիքի, որը բազմակուսակցական է` գյուղապետը ՀՀԿ-ական է, աղջիկը և կինը՝ ՕԵԿ-ից, որդին` կարծեմ ԲՀԿ-ից, մեր ընտանիքը որևէ կուսակցության չի հարում և մինչև հիմա որևէ կուսակցության չի սատարել, ավելին` բոլոր նախորդ ընտրություններին, իրեն ենք ընտրել: Մենք ՀՅԴ-ի հետ որևէ կապ չունենք ու, առհասարակ, որևէ կուսակցության հետ որևէ կապ չունենք»:

Շարունակությունը՝ այստեղ

*

*