Լոռու Սարամեջ համայնքում խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ. 12 մարդ հոսպիտալացվել է

Իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ:
jur

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի  մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները:

Հիվանդների տնային օջախներում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ: Լաբորատոր հետազոտությունների համար նմուշառվել են հիվանդների կենսանմուշները: Նմուշներ են վերցվել նաև խմելու ջրի ջրամատակարարման համակարգից:

Բացի 4 հոսպիտալացված հիվանդից` բակային համայցերի արդյունքում  հայտնաբերվել է աղիքային գանգատներով ևս 8 հիվանդ, ովքեր հոսպիտալացվել են: Հիվանդները ներկայումս ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ, այսօրվա դրությամբ նրանցից 3-ը դուրս է գրվել:

Ըստ լաբորատոր տվյալների արդյունքների` հիվանդներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելա(հարուցչի ԴՆԹ), իսկ մեկի մոտ՝ նորովիրուս (հարուցչի ՌՆԹ):

Խմելու ջրի նմուշներում հայտնաբերվել են շեղումներ (հետազոտությունները շարունակվում են):

 

 

*

*