Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կեղծ թթվասեր է հայտնաբերել

Կատարել են «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի․․․
ttvaser

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի  արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ:

Հաղորդագրության մեջ նշված է. «Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ:

Ըստ այդմ՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

*

*