«Սանիթեք»-ը հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը. Երևանի քաղաքապետարան

Առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու...
saniteq

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

««Սանիթեք» ընկերությունն արդեն չորրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում:

Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատարման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգամանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթացը։

Գործող օրենսդրությամբ և «Սանիտեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապետարանի ուղղակի պարտականությունն է՝ «Սանիտեքի» նկատմամբ պատժամիջոցների կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրաքանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագրված դեպքերի վրա:

Չկատարված, վատ կատարված աշխատանքի, չմատուցված, թերի մատուցված ծառայության համար Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող ցանկացած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատեսված են անբարենպաստ իրավական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրառում, և այս առումով «Սանիտեքը» վստահաբար բացառություն չէ:

Անցած ամիսների ընթացքում քաղաքը աղբահանության կոլափսից կարողացել է խուսափել միայն «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 24-ժամյա աշխատանքի շնորհիվ, որի տեխնիկական ռեսուրսները և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Այս պահին համայնքային հիմնարկը իր կարողությունների չափով կատարում է ամբողջ քաղաքի աղբահանությունը:

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը արմատապես լուծելու համար՝ ի շահ Երևան քաղաքի և նրա բնակիչների, որոնք արդեն տևական ժամանակ է՝ տառապում են աղբահանության այս անընդունելի վիճակից:

«Սանիթեքի»՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավական հետևանքները կունենա»:

*

*