Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

... բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում
samvel-karapetyan2

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր զեկուցագրի համաձայն պաշտոնը թողնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը:

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից: Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով:

ՊԲ-ում անցած զինվորական ծառայության ընթացքում իմ համար առանձնահատուկ տեղ ունի հատկապես այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում էի Կենտրոնական պաշտպանական շրջանի՝ լեգենդար ЦОР-ի հրամանատարի պաշտոնը…

Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը:

Օգտվելով առիթից ես իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել եմ արժանապատիվ մարտական ուղի:

…Ավարտելով խոսքս վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վայրկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում:

Ամենալավն ու բարին բոլորիս»,- մասնավորապես ասված է Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները