«Ես չեմ եկել հեղափոխություն անելու». Սամվել Բաբայան

«Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ»
samvel-babayan-arcax22 (1)

Հուլիսի 10-ին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող՝ արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ս. Բաբայանը նախ անդրադարձել է մեկուսարանից դուրս գալուց հետո Արցախ կատարած ուշացած այցին՝ նշելով, որ դրա համար կային հիմնավոր պատճառներ:

«Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները»,- ասել է Ս. Բաբայանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը:

Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի և իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում:

*

*