Առաջնագծում սպայական կոչում ստացածներին շնորհավորել են մարտական ընկերները

Քառօրյա պատերազմում աչքի ընկած հինգ ժամկետային զինծառայողներին շնորհվել է սպայական կոչում:

Զինվորից հրամանատար. եթե խաղաղ պայմաններում այս ճանապարհը ենթադրու է տարիների քրտնաջան ուսուցում եւ ակադեմիական գիտելիքների անհրաժեշտ պաշարի առկայություն, բազմաշերտ պատրաստություն եւ ծրագրային վերապատրաստման գործընթացներ, ապա պատերազմի ժամանակ այդ ճանապարհը կարող է կրճատվել եւ տեղավորվել հաշված օրերի եւ անգամ ժամերի, մարտական մեկ դրվագի սահմաններում:

Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի ընկած հինգ ժամկետային զինծառայողների, որոնք կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը, շնորհվել է լեյտենանտի սպայական կոչում:

Նրանք են՝ Սամվել Սեյրանի Սաֆարյանը, Մասիս Մելիքի Մուրադյանը, Գոռ Վարդանի Ավագյանը, Դավիթ Արկադիի Խատայանը և Արթուր Գրիգորիի Աղասյանը: Տղաներն իրենց իսկական հրամանատարական որակներն ի ցույց են դրել հենց մարտական դաշտում՝ անձնական օրինակով առաջ մղելով ծառայակիցներին:

Ի դեպ, վերջին շրջանում բանակի հրամանատարությունը ստացել եւ շարունակում է ստանալ բազմաթիվ դիմում-խնդրանքներ ժամկետային զինծառայողների կողմից: Վերջինները, որոնց մի մասը պետք է շուտով զորացրվեն, խնդրում են հնարավորություն տալ մնալ բանակի շարքերում եւ տարբեր պաշտոններում շարունակել օգտակար լինել մեր երկրի ռազմապաշտպանական համակարգի ամրապնդման գործին:

Զինվորներից շատերի համար կոչումի շնորհումն անակնկալ էր:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*