«Տեղեկություն ունեմ, որ ռուսական հեղինակավոր թերթերին մեծ գումարներ են առաջարկվել՝ ադրբեջանամետ հոդվածների համար»

Մեդիամասնագետները գոհ չեն քառօրյա պատերազմի ընթացքում նաեւ հայկական ԶԼՄ-ների աշխատանքից...
boris-navasardyan-mamul-ashxatanq

Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական լրահոսին հետեւած մեդիամասնագետները համեմատություն են անում արցախյան ազատամարտի առաջին տարիների հետ։ Այն ժամանակ համացանց չկար, չկային առցանց լրատվամիջոցներ, եւ ամբողջ բեռն ընկնում էր հեռուստաընկերությունների վրա։ 26 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել։

«Նույնիսկ սերիալներ նայող տատիկն այդ օրերին կցանկանար, որ սերիալն ընդհատվեր եւ ասեին, թե ի՞նչ է կատարվում։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի վերջն է։ Բայց պետք էր ուղիղ եթերում ասել, որ տարածքների կամ մարդկանց զանգվածային կորուստներ չկան»,- ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Պատճառն այն է, որ շատ հեռուստաընկերություններ ավելի շատ կարեւորում են ժամանցային ծրագրերը, սերիալները։ Նավասարդյանն ասաց, որեւէ առանձին լրատվամիջոցի մեղադրելու հարց չկա, բայց պետք է դասեր քաղել։ Ավելի վաղ Նավասարդյանը հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնին տված վերլուծության մեջ ասել էր, որ քիչ թե շատ իրազեկ պահել փորձեց միայն «Երկիր մեդիան»:

«Այսօր «Երկիր մեդիայի» եթերում լրագրողների հետ քննարկելու ենք այդ հարցը։ Օրինակ, լրագրող Թաթուլ Հակոբյանը, որն այդ օրերին սահմանագծին էր, ասում է, տեսնում էինք, թե ինչպես են շտապօգնության մեքենաները շատ արագ գնում։ Բայց այդտեղ հաղորդելու բան չկա, քանի որ պատերազմ է, կան վիրավորներ, զոհվածներ, իսկ այդ տեղեկությունը լրացուցիչ խուճապ պետք է առաջացնի։ Այստեղ բալանսը պահել պետք է»,- ասաց Նավասարդյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ ասաց, որ դաժան, խոշտանգված մարմինների կադրերը, լուսանկարները հրապարակելիս՝ էթիկական կողմը պետք է պահպանվի։

«Շատ լրատվամիջոցներ սկզբում դեմքերը չէին փակում, հետո մոտեցումը վերանայվեց։ Կարծում եմ, ճիշտ է փակ ներկայացնելը»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Չկար մի կարեւոր շրջադարձային իրադարձություն, որը վրիպեր լրատվամիջոցների ուշադրությունից, սակայն Աշոտ Մելիքյանը նկատեց, որ շատ լրատվամիջոցներ պատերազմական վիճակում աշխատելու փորձ չունեին, եւ առաջին օրերին փաստերի քաղց կար:

Ինչ վերաբերում է միջազգային լրատվամիջոցների լուսաբանումներին, ապա նշվեց, որ հայկական կողմն, ի տարբերություն Ադրբեջանի, որեւէ խոչընդոտ չի ստեղծել լրատվամիջոցների համար։ Աշոտ Մելիքյանին զայրացրել էր, օրինակ, РБК հեռուստաընկերության տարածած իրականաությանը չհամապատասխանող հրադադարի մասին տեղեկությունը՝ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոց էր:

«Սակայն հաջորդ հաղորդման ժամանակ ասացին, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տալիս, ներկայացվեց նաեւ հայկական տեսակետը: Ասացին, որ դա «լավուշկա է»: Մենք ուզում էինք ըմբոստանալ, անգամ պատրաստվում էինք դիմել Ռուսաստանի մեր գործընկերներին, բայց լրատվամիջոցն իր սխալն ուղղեց»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Եւ´ Բորիս Նավասարդյանը, եւ´ Աշոտ Մելիքյանը կարեւորեցին լրատվամիջոցների, նաեւ համապատասխան պետական կառույցների աշխատանքն այսօրվա տեղեկատվական պատերազմում։ Լոբբիստական աշխատանքները պետք է ծավալել տարբեր ուղղություններով։

«Ես արդեն տեղեկություն ունեմ, որ ապրիլի 6-ին  ռուսական տարբեր հեղինակավոր թերթերի խմբագրություններ զանգվածաբար մտել են մարդիկ եւ առաջարկել մեծ գումարներ՝ ադրբեջանամետ հոդվածների համար։ Եվ դա մենք տեսանք հենց հաջորդ օրը՝ տարբեր հրապարակումներում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նավասարդյանը նկատեց, թե այսօր որեւէ հեղինակավոր լրատվամիջոց դժվար թե հրաժարվեր արտաքին գործերի նախարարի, կամ որեւէ փոխնախարարի հարցազրույցը հրապարակելու գաղափարից։ Մեդիա փործագետը ցավով նշեց, որ առ այսօր նման հրապարակումներ չի տեսել։

*

*