Ռուբեն Վարդանյան. «Մի վախեցեք ասել՝ ես չգիտեմ»

Ռուբեն Վարդանյանը առաջին անգամ ներկայացրել է IdeA-ի նոր կարգախոսը
ruben-vardanyan2 (1)
Լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

«Մեդիամաքս»-«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը մարտի 20-ին հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսական կազմի եւ  ուսանողների հետ։ 

Հանդիպման ժամանակ Ռուբեն Վարդանյանը առաջին անգամ ներկայացրել է IdeA-ի նոր կարգախոսը՝ «Մտածիր՝ կապիր, մտածիր՝ ստեղծիր, մտածիր՝ գործիր» (Think connect, think create, think act):

«Աշխարհը դառնում է փոխկապակցված եւ մենք ապրում ենք յուրահատուկ ժամանակներում: Մտածիր՝ կապիր (think connect). սա խելացի, կրթված մարդկանց նույն արժեքի շուրջ համախմբելու լավագույն ուղին է:

Մտածիր՝ ստեղծիր (think create), երբ այդ մարդկանց իրար հետ կապելուց հետո դու մտածում ես ինչ-որ հետաքրքիր, անսովոր, նոր բան ստեղծելու մասին: Մտածիր՝ գործիր (think act), երբ դու ոչ միայն մտածում ես, այլեւ գործում: Ես կարծում եմ, սա այն հիմնական բացատրությունն է հարցին, թե ով ենք մենք եւ ինչ ենք անում: Մեր նպատակն է անել մի բան, որը չի չափվում գումարով եւ բերում է երջանկություն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նա անդրադարձել է ՄԱԿ-ի զեկույցին, ըստ որի Հայաստանը երջանիկ երկրների սանդղակում 129-րդ տեղն է զբաղեցնում: Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այդ ցուցանիշն իրեն դուր չի գալիս, քանի որ խոսում է այն մասին, թե «ինչպես ենք մենք մեզ զգում, որն է մեր երազանքը, ինչ ենք մտածում մեր ապագայի մասին, եւ, արդյոք, իսկապես հավատում ենք, որ կարող ենք ավելի լավ բան անել հաջորդ սերնդի համար»:

«Ես ամեն ամիս երեք-չորս գիրք եմ կարդում: Շատ գրքեր կան, որոնք ազդել եմ իմ վրա: Կարդացեք եւ կարդացեք անդադար: Շատ գրքեր կարդացեք, դրանք կնպաստեն ձեր կայացմանը: Մի վատնեք ձեր ժամանակը, ծախսեք այն կարդալու վրա: Իմ խորհուրդն է՝ չվախենալ, շատ սովորել: Դա կլինի լավագույն շարժիչը Հայաստանում ամեն ինչ փոխելու համար: Առաջարկում եմ դուրս գալ քառակուսի արկղից, ձերբազատվել վախից, չվախենալ ասել՝ «ես չգիտեմ»,-զրույցի ժամանակ նշել է Ռուբեն Վարդանյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*