Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը

1990թ-ից եղել Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ: Տեւական ժամանակ եղել է Ազգային Ժողովի պատգամավոր:
ruben-hovsepyan

Այսօր 77 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել գրող, հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանը:

Նա բազմաթիվ վեպերի թարգմանիչ էր, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: 1990թ-ից եղել Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ:

Տեւական ժամանակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լավ բարեկամ:

Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ընկերներին:

Ռուբեն Գեորգիի Հովսեփյանը 1962-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը: 1962-64-ին որպես երկրաբան աշխատել է Թուրքմենիայի Կարակումի անապատում: 1965-66-ին եղել է «Ավանգարդ» թերթի արվեստի և գրականության բաժնի վարիչը, 1966-69-ին` «Գրական թերթի» շրջիկ թղթակիցը, 1970-74-ին` «Սովետական գրականություն» ամսագրի արձակի բաժնի վարիչը: 1974-75-ին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1975-76-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում որպես երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր, 1976-79-ին` «Եթերում է Երևանը» թերթի խմբագրությունում: 1980-81-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես գրական-գեղարվեստական գրականության բաժնի վարիչ: 1981-82-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչ: 1982-ի հուլիսի 28-ից 1987-ը եղել է «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը: 1988-89-ին` ՀԳՄ քարտուղար: 1989-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիր, 1988-ից` ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981): 1975-ին Մոսկվայի «Պրոգրես» հրատարակչությունը ռուսերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն լույս է ընծայել նրա «Երևան» ֆոտոալբոմը: 1983-ին «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է Ռ. Հովսեփյանի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը: 1984-ին «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը լույս ընծայեց «Կարմիր որդան» ժողովածուն: 1985-ին «Ժամանակակից հայկական պատմվածք» մատենաշարով «Սովետական գրող» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Հովսեփյանի «Ապրիլ» ժողովածուն:

Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել է «Հնձան» («Հայֆիլմ», 1973), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985) կինոնկարները: Ռ. Հովսեփյանը սցենար է գրել Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա («Հայֆիլմ», 1985):

Ռուբեն Հովսեփյանն է հայալեզու ընթերցողին առաջինը 1979թ. ծանոթացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ իր հրաշալի թարգմանություններով. «Հարյուր տարվա մենություն», ապա նաև՝ «Նահապետի աշունը»:

Մեկ Մեկնաբանություն
  • Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ — Armenian National Committee of America
    28 октября 2016 at 00:00

    […] կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի […]

  • *

    *