Ռուսական «Вести»-ին ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանին

Շախմատային ավանդույթներ, ԹՈՒՄՈ, հայկական սմարթֆոն, Բյուրականի աստղադիտարան...

Ռուսական «Вести недели» լրատվական հաղորդման շրջանակում ծավալուն ռեպորտաժով անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական հնարավորություններին: Անդրադառնալով Հայաստանում հնագիտական աշխատանքների բացահայտումներին` ռեպորտաժի հեղինակը պատահական չի համարում այն, որ հնագույն այս երկիրը տեխնոլոգիաների, գիտության կենտրոն է:

«Բյուրականի աստղադիտարանը հայերի համար այնպիսի յուրօրինակ խորհրդանիշ է, ինչպես Արարատ լեռը: Հայերը հպարտանում են աստղադիտարանի ձեռքբերումներով»,-նշել է հեղինակը` ներկայացնելով աստղադիտարանի պատմությունը, տեխնիկական հագեցվածությունը:

Հայաստանի պատմության առանձին դրվագներին անդրադառնալով` հեղինակը անցում է կատարում նորագույն ժամանակներ, պատմում հայկական արմֆոնի, «Արմթաբի» արտադրության մասին:

Հեղինակը չի շրջանցել նաև Հայաստանի շախմատային ավանդույթները: Թե ինչու են հայերը սիրում շախմատ խաղալ, հարցին ռեպորտաժում պատասխանել է Լևոն Արոնյանը:

«Հայերը սիրում են շախմատ խաղալ, որովհետև այս խաղում կա արդարություն: Հայերը պատմության ընթացքում տառապել են անարդարությունից, այս խաղի միջոցով արդարության վերականգնման ձգտում կա»,-ասել է Լևոն Արոնյանը:

Ռեպորտաժում ներկայացվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ ավելի վաղ հրապարակված հարցազրույցից մեկ հատված: Նախագահը խոսել է իր երազանքի մասին. այն է՝ աշխարհի բոլոր հայերը համախմբվեն հայրենիքում:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև ԹՈՒՄՈ կենտրոնի հնարավորություններին, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի աշխատանքներին:

Հաղորդավար Դմիտրի Կիսելյովը հեռուստադիտողներին տեղեկացրել է, որ մարտի 11-ին Երևանում անցկացվել է «Վալդայ» ակումբի նիստը, որին հրավիրված են եղել միջազգային էքսպերտներ:

*

*