Ռոլանդ Շառոյանը նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ

3 թեկնածուներից հաղթող է ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյան:
roland-sharoyan

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 15-ին հրամանագիր է ստորագրել Ռոլանդ Շառոյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 07-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 3 թեկնածուներից հաղթող ճանաչել Ռոլանդ Դանիելի Շառոյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, մասնավորապես՝ հեռուստատեսությունում և մամուլում, ինչպես նաև գրականության ասպարեզում նրա բեղմնավոր գործունեությունը, կառավարման բնագավառում՝ պետական կառավարման համակարգում, երկարամյա աշխատանքային փորձը և հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

Ռոլանդ Դանիելի Շառոյանը ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում: 1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և ստացել ժուռնալիստի որակավորում:

1975-1976թթ. աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես ֆիլմի տնօրեն, 1976-1977թթ.՝ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրության խմբագիր, իսկ 1977-1986թթ. ՝ «Ծիծեռնակ» ամսագրի խմբագրության գրական բաժնի վարիչ: 1986-1994թթ. աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես արձակի բաժնի վարիչ, 1993 թվականից հիմնադրել և առ այսօր խմբագրում է «Մարզաշխարհ» թերթը: 1998-2003թթ. եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար: 2004-2009թթ. աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ: 2003 թվականից Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչն է:

1982 թվականից Հայաստանի գրողների միության և ժուռնալիստների միության անդամ է:

Հայաստանի գրողների միության և «Գարուն» ամսագրի մրցանակակիր է, գրականության և արվեստի ասպարեզում «Վահագն» մրցանակի դափնեկիր: Կինոյի ասպարեզում ունեցած ներդրման համար, այդ թվում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի, Մանթաշովի անվան շքանշանակիր է:

Պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

1979թ.-ից առ այսօր հրատարակվել են Ռոլանդ Շառոյանի վիպակների, պատմվածքների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, լրագրագիտական աշխատությունները, ուսումնական ձեռնարկներն ու մենագրությունները: 21 գրքի հեղինակ է: Ռոլանդ Շառոյանի աշխատանքները թարգմանվել են ռուսերեն, գերմաներեն, հունգարերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, սլովակերեն, չեխերեն, տաջիկերեն, վրացերեն լեզուներով:

*

*