Ռոբերտից հետո հարազատներին ապրելու ուժ տվողը նրա որդին է

Ամեն ինչով հորը նման Աբրահամը 4 ամսական էլ չկար, որ Ռոբերտը զոհվեց․․․

1.5-ամյա Աբրահամն ինքնաբերաբար, մանկական անտեղյակությամբ հորը նվիրված միջոցառման գլխավոր հերոսն է դարձել: Տափերական գյուղի միջնակարգ դպրոցում 2016 թվականի ապրիլին զոհված իրենց նախկին սանին՝ Ռոբերտ Աբրահամյանին նվիրված միջոցառմանը ներկայացնում են նրա կյանքի ուղին եւ միակ մխիթարական խոսքն են հղում հարազատներին՝ «ձեր հերոս որդին իր կյանքը զոհեց հայրենի հողի համար»:

«Իմ լավ երեխաներից մեկն է եղել ինքը, պարտաճանաչ, ազնիվ, ընկերասեր, շատ լավ երեխա էր Ռոբերտը»,- պատմում է ուսուցչուհի Ջուլիետա Ավետիսյանը:

Ռոբերտի դասղեկն այլեւս չի դասավանդում, բայց սիրելի աշակերտին նվիրված միջոցառմանը չէր կարող չմասնակցել: Նոր անվանակոչված դասարանում նրան ամեն ինչ Ռոբերտին է հիշեցնում: Ասում է՝ հատկապես հայրենասիրական միջոցառումներն էր սիրում:

«Որ խոսում էին էրեխեքը, ես կգնամ էսինչ տեղ՝ ապրելու, ինքը միշտ ասում էր՝ ես իմ Հայաստանից ոչ մի տեղ, ես իմ հայրենիքը կսիրեմ»:

Ռոբերտի կինը նշում է. «Արդեն 2-րդ ծնունդս պիտի առանց Ռոբի նշեմ: Երբեք չէր հավատա, որ էսքան շուտ իրարից կբաժանվենք»:

Ռոբերտն ապրիլյան պատերազմից 10 օր առաջ էր պայմանագրային ծառայության անցել Զինված ուժերում: Հայրն ասում է՝ մինչ երեխա ունենալն արտագնա աշխատանքի էր գնում, հետո որոշեց կայուն գործ ունենալ:

«Մի տարի է՝ քնում-արթանանում եմ, իմ աչքերի դեմ է իր ուրախությունը, ֆորման ստացավ, առավոտ եկավ հագած, ասում է՝ պապա, հլը նայի, սազում է, ոնց որ գեներալ լինեմ, ու իսկապես շատ էր սազում իրան»:

Ապրիլյան դեպքերը Ռոբերտի ներաշխարհը խառնել էին, տեղը չէր գտնում: Կինը՝ Քնարիկը,  ասում է՝ ամուսնու տեսակն էր՝ խաղաղ ժամանակ էլ էր ասում՝ կռիվ լինի, առաջինը ես եմ գնալու:

«Ասում էի՝ բա մենք՝ ես ու բալիկը էլի, ձեն չէր հանում, սուս էր մնում»:

Ապրիլի 6-ից Թալիշում էր: Ապրիլի 9-ին հարազատներին չէր հաջողվել հետը կապ հաստատել: Հայրն ասում է՝ սիրտը վատ բան էր վկայում, տղայից լուր իմանալու ապարդյուն փորձերից հետո, ողջ գիշեր եկեղեցու մոտ էր անցկացրել եւ միայն լուսաբացին էր տուն գնացել:

«Մեր տատին իմացել էր, բայց չէր ասել, բոլորը գիտեն, հետո մեր բարեկամը եկավ, առաջին ինձ ասաց, որ տեսա աչքերը կարմրած էր, ասացի՝ մենակ չասես, որ Ռոբին բան է եղել, ինքն ասաց հա, բայց վիրավոր է։ Խաբեց»,- պատմում է կինը։

Շուտով իմացել են, որ վիրավոր չէ, զոհվել է:

Ամեն ինչով հորը նման Աբրահամը 4 ամսական էլ չկար, որ Ռոբերտը զոհվեց, բայց նրա առաջին բառը «պապա»-ն է եղել. ճանաչում է հայրիկին, նկարն է համբուրում, խոսում է հետը: Հայրը հիշում է՝ որդու ցնծությունը՝ ինչպես էր հիվանդանոցով մեկ գոռում, որ տղա է ունեցել:

«Որ դուրս եկա, ասաց՝ պապ, սիրո՞ւն է էրեխեն, ասացի՝ շատ, հետո ինքը մտավ ներս, շատ ուրախ էինք, շատ լավ էինք, չգիտեմ ինչի սենց պետքա լիներ»:

Փոքրիկի շնորհիվ այս տանը շարունակում են ապրել եւ ժպտալ, բայց, ասում են՝ Ռոբի պակասը ոչնչով չի լցվի:

«Ճիշտ է, թոռը քաղցր է, բայց տղան ուրիշ էր: Ոնց որ աշխարհն իմը լիներ, որ ինքն իմ կողքով քայլում էր, ես շատ հպարտ էի»,- անկեղծանում է հայրը:

«Քանի անգամ եղել է, նայել եմ ու վարագույրն իրար է եկել, ոնց որ ինքն ասի՝ ես այստեղ եմ, ներկա եմ»,- ասում է Քնարիկը։

Ռոբերտը 24 տարեկանում մահացած հորեղբոր անունն էր կրում, 23-ը չբոլորած էլ ինքը մահացավ: Երազում էր՝ 2 որդի եւ դուստր ունենալ, բայց չհասցրեց: Միակ զավակը մեծանալու է առանց հոր, բայց նրա մասին հերոսական պատմություններով:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*