Այսօր լրագրողների հետ կայացած զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պարզաբանեց, որ բուհի գնումների մասով թվեր են հրապարակում, բայց չեն ասում, թե իրականում ինչի վրա է այդ գումարը ծախսվել. «Մենք 2 մլն դրամ արժողությամբ նստարան չունենք ԵՊՀ-ում, սխալ է ներկայացվել»,-ասել է նա:
Ռեկտորը նշեց, որ իրականում 2 մլն դրամով իրենք ոչ թե մեկ նստարան, այլ 100 երկաթե աթոռ և 40 ուսանողական նստարան են գնել:
«Դուք հիմա իմ սենյակում թանկարժեք կահույք տեսնո՞ւմ եք: Եթե ես գնեի թանկարժեք գույք կամ աթոռ, իմ աթոռն այս վիճակում կլինե՞ր: Սա 12 տարվա աթոռ է: Դուք մի′ կարծեք, որ ես, այստեղ նստած, վայելում եմ էս դիրքս: Ռեկտորի աշխատանքը ծանր և անշնորհակալ աշխատանք է. ես մոռացել եմ իմ երեխաներին, ընտանիքը, ընկերությանը, հարազատներին: Առավոտից մինչ ուշ երեկո ես զբաղված եմ այս գործերով, և մի′ կարծեք, որ դա այնքան քաղցր է, որ ես կառչել եմ իմ աթոռից»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Ռեկտորի պաշտոնավարման երրորդ ժամկետը կլրանա 2020 թվականին: