Բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Հիմնադրամի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ երկրի վաչապետը:

Կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այսօր պաշտոնապես բացել է իր դռները: Ակնկալվում է, որ այն կհանդիսանա կարեւոր գործիք Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացման համար: Սա էլ, արդյունքում, կնպաստի արտահանման ծավալի աճին եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Կենտրոնը գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձեւաչափով:

Հիմնադրամի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ երկրի վաչապետը:

«Ալեքս, հուպ տուր». ֆուտբոլային այս տերմինով վարչապետը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանին կոչ արեց՝ շարունակել լավ աշխատել: Կառավարությանը կից հանրային-մասնավոր գործընկերության ձեւաչափով գործող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն ստեղծելու հանձնարարականը վարչապետինն էր:

Հիմնադրամի ստեղծման հիմքում ընկած են տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների, բարեփոխումների փաթեթների, ներդրումային ծրագրերի հավաքագրման, մշակման, վերլուծության, սպասարկման ու վերահսկողության նպատակներ: Ակնկալվում է, որ այն կխթանի հիմնային բարեփոխումների իրականացման գործընթացին, ինչն էլ իր հերթին կբարձրացնի արտահանման ծավալն ու կներգրավի կայուն օտարերկրյա ներդրումներ:

Հիմնադրամի ղեկավարը վստահ է՝ իր թիմում ընդգրկված են լավագույն մասնագետները: Մինչեւ հունվարի վերջ նրանց թիվը կհասնի 15-ի:

«Հարկային-մաքսային վարչարարությունից գործընկերներ ունենք, ովքեր այդ ոլորտից են հասկանում, պետական կառավարման ոլորտից, առեւտրի ոլորտից, գործընկերներ ունենք, գյուղատնտեսության ոլորտից, ում հետ պետք է աշխատենք: Մենք ունանալու ենք նաեւ կոմունիկացիաների կենտրոն, թիմ, որն ապահովելու է, որ այդ հանրային-մասնավոր համագործակցությունն իրականում կյանքի կոչվի»,- ասում է վարչապետի խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը:

Կենտրոնի պայմաններին ծանոթանալուց հետո վարչապետը նախարարներին մոտիվացնելու նոր տարբերակ գտավ:
«Մոտիվացիա է, ով որ լավ աշխատի, վերջում Ռազմավարական կենտրոնում է աշխատելու»:

Առաջիկայում հիմնադրամի ուշադրության կենտրոնում կլինեն հանրային կառավարման, Տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության եւ վերամշակման, կրթության, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտները: Հիմնադրամը կֆինասավորվի պետական բյուջեից եւ մասնավոր ռեսուրսներից, աշխատելու են դոնոր կազմակերպությունների հետ, որոնք կտրամադրեն նաեւ փորձագիտական աջակցություն:

*

*