Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել Փանիկի բնակիչներից

Դեպքի առիթով ծառայողական քննություն է սկսվել
102-razmabaza

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։

Փանիկում տեղի ունեցածի ուղղությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:

Նշենք, որ հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին:

«Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս-մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել: Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրեցին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, և վստահեցնելով, որ մեղավորները պատասխան են տալու»,-նշեց Շիրակի մարզպետը՝ փաստելով, որ նույնիսկ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է նախատեսված նման միջոցառումների՝ վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում տեղի ունեցած զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով, պայթյուններով: Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժությունների անցկացման վայր երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացվել:

*

*