ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

2017 թվականի սեպտեմբերի 28-ին «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանից հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքում նկարահանում կատարելու ժամանակ խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի Թումանյան և Լոռվա փողոցները միմյանց միացնող կամրջի սկզբնամասում ՍՊ ընկերության կողմից կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ: Ն.Ավետիսյանը, որպես լրագրող, նկարահանել է անձրևային եղանակին կատարվող աշխատանքները, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վերցրել է լրագրողի բջջային հեռախոսը և արգելել նրան տեսանկարահանումներ կատարել։ Ն.Ավետիսյանը ճանաչվել է տուժող և ճանաչման ժամանակ, որպես իր գործունեությանը խոչընդոտող անձի, մատնանշել է ՍՊԸ-ի տնօրենին։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում։

*

*