«Ես շատ ուրախ կլինեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր եթերում լինի, կամ Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը»․ Գեղամ Մանուկյան

«Հրանտ Մարգարյանի հարցազրույցը և ասածները որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր մեդիա»-ում հյուր լինելու հետ»։
robert-qocharyan-gegham-manukyan

primenews.am-ի հարցազրույց «Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյան, երեկ Ռոբերտ Քոչարյանը հենց Ձեր հարցերին է պատասխանել՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում։ Ինչո՞վ եք պայմանավորում նրա ընտրությունը։ Արդյո՞ք դա կապ ուներ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարության հետ, որ ՀՅԴ-ն չի բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը։

-Տեսեք, դուք հիմա դեզինֆորմատիվ փաստի վրա հղում անելով հարց եք տալիս։ Հրանտ Մարգարյանը չի ասել, որ չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը։ Նայեք նորից Հրանտ Մարգարյանի հարցազրույցը և կտեսնեք, թե մեր լրատվական դաշտում ինչքան ապատեղեկատվություն կա։ Երբ լրատվամիջոցները կարդում են միայն վերնագիրը, չեն ծանոթանում բուն հարցազրույցի հետ, հետո թյուր տպավորություն են կազմում, որ Հրանտ Մարգարյանը այդպիսի բան է ասել։ Սա մեկ, եւ երկրորդը՝ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը և ասածները որևէ կապ չունեն Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր մեդիա»-ում հյուր լինելու հետ։ Ես չգիտեմ, թե Վիկտոր Սողոմոնյանը որ լրատվամիջոցներին է ի նկատի ունեցել, երբ ասել է, որ այլ հրավերներ ևս եղել են։ Հետաքրքրիր է, օրինակ դրանց մեջ հեռուստատեսություններ կա՞ն, օրինակ Հանրային հեռուստատեսությունը եղել է, թե ոչ։ Եթե եղել է դեպք, որ 4 հեռուստաընկերություն է դիմել և իրենք համաձայնել են «Երկիր մեդիա»-ի առաջարկին, դա արդեն թող Վիկտոր Սողոմոնյանը պարզաբանում տա, բայց ենթադրում եմ, որ հեռուստատեսային հարցազրույցի այլ առաջարկ Ռոբերտ Քոչարյանը չի ունեցել։

-Պարոն Մանուկյան, հրավերն ուղարկելուց առաջ արդյո՞ք կարծում էիք, որ այն ընդունվելու է։

-Իրականում ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հրավերն ուղարկել եմ դեռ 3-4 տարի առաջ։ Այն ժամանակ նախնական համաձայնութուն ձեռք էի բերել և կարծում եմ, որպես լրագրող, դա ինձ համար հաջողություն էր, որովհետև դա դիտվող հարցազրույց կլիներ, բայց, ցավոք սրտի, վերջին պահին Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր։ Այս անգամ էլ շատ մեծ հույս չունեի, բայց շատ ուրախ եմ, որ հարցազրույց արել եմ, որովհետև կարծում եմ՝ հեռուստաեթերում դիտվող հարցազրույցն այդ հեռուստաընկերությանը միշտ օգուտ է բերում, անկախ այն բանից, թե հանրությունը կամ հանրության մի մասը ինչպես կընդունի հարցազրույցը։

Մեր եթերում եղել են բազմաթիվ հյուրեր, ովքեր շատ տարբեր են ընկալվել հանրության կողմից։ Եղել են և′ իշխանական թևից, և′ ընդդիմությունից։ Սա միշտ էլ մեր ոսկե սկզբունքն է եղել, որը չենք խախտել։ Ժամանակին էլ արել եմ հրավեր՝ առաջին նախագահին, և այն ուժի մեջ է։ Կարող է անձնապես Գեղամ Մանուկյանն առաջին նախագահի հետ ունենա այս կամ այն անհամաձայնությունը և դա ահռելի է, շատ անձնականից վերջացրած քաղաքական, բայց ամեն դեպքում, ես առաջին նախագահին հրավեր ուղարկել եմ, որովհետև կարծում եմ, որ հանրությունը պետք է լսի նրան։ Եվ ես շատ ուրախ կլինեմ, որ Լևոն Տեր- Պետրոսյանը մեր եթերում լինի, կամ Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը։

— Ռոբերտ Քոչարյանը կալանավորվելուց առաջ եւ ազատ արձակվելուց հետո հարցազրույց է տվել հենց Ձեզ։ Երկու դեպքում էլ հարցազրույցը բուռն քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում՝ հատկապես ֆեյսբուքում։ Քննադատությունները տարատեսակ էին, այդ թվում՝ քննադատվում էին ձեր հնչեցրած հարցերը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին։

-Ես ընդհանուր ֆեյսբուքյան օգտատերերին չեմ վերաբերվում։ Ես իրական, ռեալ կյանքով ապրող Հայաստանի քաղաքացի եմ, ով ապրում է ռեալ, իրական Հայաստանի քաղաքացիների կյանքով։ Ես շատ ավելի զբաղված մարդ եմ, որ սոցիալական ցանցերի գրառումներով ապրեմ։

-Պարոն Մանուկյան, ամեն դեպքում կայի՞ն հարցեր, որոնք Ձեր կարծիքով պետք է տայիք Ռոբերտ Քոչարյանին, բայց չեք տվել։

-Բնականաբար, շատ ավելի հարցեր կարելի էր տալ, սակայն կար ժամանակի սղություն։  Խնդիրը, որն իմ առջեւ դրել էի, թե ինչի մասին էի ուզում խոսել, կարծում եմ՝ կատարել եմ։ Շատ-շատ հարցեր կարելի էր տալ, ի վերջո, 10-ը տարվա նախագահին կարելի էր ժամերով հարցեր տալ։ Լավ կլիներ, որ մամուլի ասուլիսը կայանար և իմ գործընկեր բոլոր լրագրողներն էլ հնարավորություն ունենային հարցեր տալու, որը, ցավոք սրտի, չկայացավ։ Ես դրա համար էլ հաղորդման սկզբում ցավ հայտնեցի, որ խանգարվեց մամուլի ասուլիսը և իմ շատ գործընկերներ զրկվեցին այդ եզակի հնարավորությունից, որովհետև Ռոբերտ Քոչարյանը չեմ հիշում, թե երբ էր նման ձևաչափով ասուլիս տվել՝ անգամ իր նախագահության ժամանակ։ Դա շատ լավ հնարավորություն էր, որովհետև օդում լիքը հարցեր կային կախված։

*

*