Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրել է շուրջ 105 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր

Պետբյուջեի հաշվին նախատեսված ծրագրերը կազմելու են ընդամենը 5 տոկոս, մնացածը լինելու են մասնավոր ներդրողների կողմից։

Քաղաքաշինության պետական կոմիտեն կառավարություն է ներկայացրել կառուցապատման ներդրումային փաթեթները: Փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարությունում բազմաթիվ հարթակներում քննարկումներ են եղել, և Կոմիտեի ներկայացրած ծրագրերից 2017 թվականի համար ամբողջապես իրատեսական են համարվել մոտ 105 մլն ԱՄՆ դոլարի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը, որոնց մեջ ներառված չեն այս պահին քաղաքապետարանի կողմից իրականացվող շինարարական ակտիվ փուլում գտնվող աշխատանքները:

Նարեկ Սարգսյանի խոսքով` իրենք հետևողական են նոր ստեղծվող ծրագրերին, որոնց քանակը շուրջ 3 տասնյակ է: Նա նաև նշեց, որ կառավարություն ներկայացրած իրենց ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 235 մլն դոլար էր, որը, իր խորին համոզմամբ, ամբողջապես իրատեսական էր, սակայն, քանի որ չկան պատրաստի փաստաթղթեր և միանշանակ համարվող ծրագրեր, այդ պատճառով ընտրվել են 105 մլն դոլար արժողությամբ կասկած չհարուցող ծրագրերը:

«Ընդ որում, նախատեսված 105 մլն ներդրումային ծրագրերից ակնկալում ենք, որ այդ թիվը ոչ թե կնվազի այլ կավելանա, քանի որ վերջին 4-5 ամսում բազմաթիվ բանակցություններ են տարվել տասնյակ ներդրողների հետ, քննարկվել են նրանց հուզող խնդիրները: Այդ ծրագրերի մոտ 50 տոկոսը կկազմեն բնակարանաշինության աշխատանքները, իսկ մնացած 50 տոկոսը` հյուրանոցային և հասարակական բնույթի այլ շինարարությունները»,- ասաց կոմիտեի նախագահը` հավելելով, որ պետական բյուջեի հաշվին նախատեսված ծրագրերը կազմելու են ընդամենը 5 տոկոս, իսկ մնացածը լինելու են մասնավոր ներդրողների կողմից:

Սարգսյանի ներկայացմամբ` ընդհանուր ծրագրի մոտ 53 տոկոսն իրականացնելու են տեղացի, իսկ 47 տոկոսը օտարերկրացի ներդրողները: Նրա խոսքով` կան նաև մշակված ծրագրեր, որոնք դեռևս ներդրողներ չունեն: Վերջինների ներդրման նպատակով ակտիվ աշխատում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, դիվանագիտական կառույցները:

«Նոր մոտեցում ենք առաջարկել ներդրողներին, կարող եմ ասել, որ նրանք շատ ոգևորված են այդ մոտեցումից: Խնդիրն այն է, որ մենք ներդրողներին առաջարկում ենք կնքել եռակողմ պայմանագրեր`   Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի հետ, և եթե այլ ոլորտների, մասնավորապես, շինարարական արտադրանքի ներմուծման համար համագործակցության կարիք կա, ապա կարելի է նաև պայմանավորվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: Այսինքն՝ եռակողմ կամ քառակողմ պայմանագրեր՝ սկսած 500 հազար դոլարից մինչև տասնյակ միլիոնավոր դոլարներ: Առաջարկում ենք մեզ վրա վերցնել ներդրողներին աջակցելու պատասխանատվությունը»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ հանգամանքը դրական է ընդունվել նաև ներդրողների կողմից, իսկ իր ժամանակի 90 տոկոսն անցնում է ներդրողների հետ անձամբ հանդիպելու և բոլոր հարցերը քննարկելու վրա:

Նրա խոսքով` շինարարության ճյուղում ներդրողների համար Հայաստանը գրավիչ երկիր է` վստահեցնելով, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացել են նաև անբարեխիղճ կառուցապատողների և մարդկանց բնակարաններից դուրս մնալու հետ կապված ռիսկերը:

Վերջում նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո շինարարական ոլորտում ներդրումներն էլ ավելի կավելանան:

*

*