Քաղաքացու օրվա շրջանակում Երևանում անցկացվելիք միջոցառումները

Նախատեսված են մանկական տիկնիկային ներկայացումներ, հանրային քննարկումներ, շախմատային մրցաշարեր․․․
hexapoxutyun

ՀՀ քաղաքացու օրը ՝ ապրիլի 27-ին, մայրաքաղաք Երևանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ: Երևանի փողոցներում նախատեսված են մանկական տիկնիկային ներկայացումներ, հանրային քննարկումներ, շախմատային մրցաշարեր և բազմապիսի այլ միջոցառումներ:

Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո: Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար: Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:

Ժամը 11:00- 12:00-ը կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00 -13:00-ը՝  սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00-14:00-ը՝  բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00- 15:00 -ը՝  սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:

Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00-12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով: Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00 — 17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00-17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00-14:00-ին սպասվում են  մանկական տիկնիկային ներկայացումներ:

Ազատության հրապարակում 11:00-12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն: Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00 — 18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00-17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:

Նույն տարածքում 14:00 — 15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00 — 16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում:

Կոմիտասի արձանի հարակից հատված` 10:00-18:00-ն` Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00-18։30-ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան  Ազատության հրապարակում ժամը 19:30 — 21:30-ն:

*

*