Քաղաքը, որ զգացմունքներ ունի

...դու էլ, գլուխդ ցրտի ուսին հենած, շարունակում ես քայլել
qaxaq

Քայլելիս թացությունն ես շոշափում, շնչում ես խոնավությունն ու արտաշնչում երազանքներդ…

Քաղաքը քեզ համընթաց է շնչում. ոչինչ քեզ ծանոթ չէ, բայց գիտես՝ ուր գնալ, ոչ ոք քեզ չի ճանաչում, իսկ դու էլ հարազատ դեմք չես փնտրում: Այո, օտար քաղաքը ներդաշնակ է քեզ. այստեղ սեւ ու սպիտակ գծեր չկան կամ դրանք չեն երեւում, որովհետեւ մշուշ է, ու ցերեկվա չորսին արդեն քաղաքի լույսը վառված լապտերներն են: Դրանք արտացոլվում են ջրի մակերեւույթին եւ երանգների պար են դառնում դրա հանդա՜րտ ընթացքի վրա:

Մի անսովոր գեղեցիկ երաժիշտ ինքն իրենից էլ սիրուն երաժշտություն է նվագում, ու կարեւոր չէ անգամ՝ ինչ գործիքով. հեռվից ես նրան լսում, որովհետեւ օտար քաղաքում դու չգիտես՝ ինչքան է հիացմունքի գինը: Շատ հարուստ չես՝ նրան մի ամբողջ կարողություն նվիրելու, բայց առատորեն ժպտում ես, որովհետեւ գիտես՝ սիրուն երաժիշտները հարստության այլ չափանիշ ունեն… Ափսոս, չի տեսնում աչքերդ ու չի տեսնում ժպիտդ, բայց պատճառը մշուշը չէ…

Օդում կանգնած անձրեւի կաթիլները դեմքդ թացացնում են, ցուրտը գրկում է քեզ, փակում ես աչքերդ, հոգիդ իր տեղն ես խցկում, որ արտաշնչելիս դուրս չգա ու չգոռա այդ օտար քաղաքում, ու դու էլ, գլուխդ ցրտի ուսին հենած, շարունակում ես քայլել:

Մշուշի մեջ լույսերով մեղմ ժպտացող այդքան տարբեր, բայց այդքան ներդաշնակ շինությունները քեզ են նայում. լավ են զգում, որ գնահատել ես իրենց գեղեցկությունը. չորս կողմից քեզ օտար լեզվով ինչ-որ բաներ են շշնջում. լավ երգի նման, երբ բառերը չես հասկանում, բայց գիտես, որ քեզ դուր է գալիս ասվածը:

Հարյուրավոր թռչունների աղմուկը բարձրանում է երկինք, իջնում խոտերի մեջ… Քեզ ֆիլմի գլխավոր հերոս ես զգում, հանդիպող քիչ մարդկանց՝ երկրորդական դերասաններ, ու թվում է՝ երբ էլ ամեն ինչ ավարտվի, ի օգուտ հերոսի է լինելու… Հեծանիվի զանգը սթափեցնում է քեզ. արագ ճամփա ես տալիս: Դեռ չես հասկացել, որ օտար քաղաքում ամեն մեկին իր տեղն է տրված, իսկ քեզ մեկն ընդամենը նկարել է այդտեղ:

Մենակությունդ գրկած՝ շարունակում ես քայլել օդում կախված թացության միջով: Հիմա էլ սիրտդ չի ուզում տեղում մնալ: Խորը շնչում ես, որովհետեւ համարյա շունչդ կտրվում է այն ամենից, ինչ ունես այդ պահին… Բայց ժամանակը համառորեն չի կանգնում: Օտար քաղաքն իր տոնական՝ սուրբծննդյան հագուստն է քեզ ցույց տալիս. լավ ճաշակ ունի: Քաղաքը որսում է միտքդ ու ինքն էլ քեզ է ժպտում: Երկուսդ էլ զարմանում եք՝ շատ շուտ հասկացաք իրար:

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*