Քարվաճառում վթարից տուժած քաղաքացուն սանավիացիայով տեղափոխել են մայրաքաղաք

Ուղղաթիռը հիվանդին հասցրել է «Էրեբունի» ԲԿ
sanaviacia

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի բուժանձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ու պահանջվող միջոցառումները՝ հուլիսի 23-ի առավոտյան Արցախի Քարվաճառի շրջանում տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացուն  բուժօգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես տեղեկացնում է Վարդենիսի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը, ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության մեքենան ու իրենց մոտ տեղափոխել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1972 թվականին ծնված Կարեն Խաչատրյանին:

«Ըստ ստացված ահազանգի՝ վիրավորը իր վարած մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի արդյունքում ստացել է լուրջ վնասվածքներ: Մեր կողմից իրականացված գործողությունների արդյունքում վիրավորի մոտ ախտորոշվեց պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածք, այտոսկրի շրջանի պատռված վերք, ձախ կողմի 6-րդ կողի եւ ազդրոսկրի կոտրվածք, թոքի սալջարդ: Մենք ձեռնարկել ենք առաջին օգնության համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապ հաստատել մարզպետարանի եւ առողջապահության նախարարության  հետ: Որոշվել է հիվանդին շտապ կարգով տեղափոխել մայրաքաղաք, ինչը կատարվել է սանավիացիայի օգնությամբ: Ուղղաթիռը հիվանդին հասցրել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ հիվանդի վիճակը գնահատվել է կայուն ծանր: Բուժման հետագա միջոցառումները շարունակվում են մայրաքաղաքում»,- տեղեկացրեց Շահեն Շահինյանը:

Խոսրով Խլղաթյան

*

*