Տարոն Մարգարյան. «Համատիրությունները միայն գումար հավաքելիս են պահանջատեր»

Երեւանի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցը բնակիչ- համատիրություն կապի ստեղծումն էր:

Երեւանի քաղաքապետարանի այսօրվա աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցը բնակիչ — համատիրություն կապի ստեղծումն էր:

Համատիրությունները պետք է հաշվետու լինեն բնակիչներին, իսկ դրանց արդյունավետ կառավարումը տեղերում շատ հարցեր կլուծի: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հիմա այդ կապը սերտ չէ: Բացի դրանից, այս տարվա անելիքների շարքում առաջնահերթությունը պետք է տրվի բնակչության հետ մշտական աշխատանք տանելուն, հատկապես՝ չսահմանված վայրում աղբ թափելու, ինչպես նաեւ քաղաքային գույքը վնասելու արատավոր երեւույթները բացառելու համար:

Տարոն Մարգարյանը կարեւորել է նաեւ հանրությանը համատիրությունների գործառույթների ու պարտականությունների ճիշտ ներկայացման խնդիրը:

«Աշխատանքը համարում եմ խիստ անբավարար: Այս կառույցները ստեղծվել են ոչ միայն բնակչին, այլեւ մեզ օժանդակելու համար:

Բնակիչները բավարար վստահություն չունեն համատիրությունների աշխատանքի նկատմամբ. գիտե՞ք ինչու, որովհետեւ համատիրության լուծելիք հարցերը հիմնականում չեն լուծվում: Ավելին, դրանք հիմնականում դարձել են միայն տեղեկանք տվող ու քաղաքացու մատից փուշ չհանող կառույց. գումարներ հավաքագրելիս են միայն պահանջատեր, բայց մոռանում են, որ բնակիչն էլ իրենցից ունի պահանջներ ու առաջին հերթին՝ հենց նրանց պետք է հաշվետու լինեն:

Համատիրության յուրաքանչյուր աշխատակից պետք է հստակ իմանա իր գործառույթն ու բարեխղճորեն կատարի այն»,- ասել է քաղաքապետը։

*

*