Քաղաքապետարանը պարզաբանել է ավտոկայանատեղերի վճարի թանկացման մասին տեղեկությունը

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել։
qaghaqapetaran (1)

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տարածած հայտարարությունը՝ օգոստոսի 1-ից SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի գանձվող գումարի փոփոխության վերաբերյալ:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից տարածված հայտարարության կապակցությամբ պարզաբանում ենք.

1. Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:

2. Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին:

3. SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա և 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում:

Հիշեցնենք, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը»:

*

*