Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը մտել է փակուղի

Ընդունելությանը ներկա էին հույների, ասորիների, հրեաների ներկայացուցիչները, սակայն Հայոց պատրիարքարանից մասնակից չկար։
polsi-patriarqaran

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրվելուց հետո կարծես նոր թափ ստացած պատրիարքական ընտրության գործընթացը կրկին հայտնվել է փակուղում: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել ընտրությունների անցկացման վերաբերյալ պատրիարքարանի կողմից ուղարկված պաշտոնական գրությանը: Այս խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

«Օգոստոսի 30-ին Թուրքիայում նշվում էր «Հաղթանակի օրը»: Սա երկրում պետական տոն է համարվում և ամեն տարի այդ օրվա ընդունելությանը հրավիրվում են նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները: Այս տարի մեր պատրիարքարանին հրավեր չէր եկել: Ընդունելությանը ներկա էին հույների, ասորիների, հրեաների ներկայացուցիչները, սակայն Հայոց պատրիարքարանից մասնակից չկար»,- պատմեց Էստուկյանը: Նա ընդգծեց, որ այս փաստը համայնքային որոշ շրջանակներ սկսել են մեկնաբանել, որպես պատրիարքի տեղապահի նկատմամբ ժխտողական դիրքորոշման դրսևորում, իբրև մի քայլ, որով իշխանությունները հայտարարել են, թե չեն ճանաչում տեղապահին, թեպետ Թուրքիայի իշխանությունների կողմից հստակ ժխտողական պաշտոնական պատասխան չի եղել»:

Նա հայտնել է, որ  պատրիարքական տեղապահ Բեքչյանը և ընտրությունների Նախաձեռնող խումբը կսպասեն մինչև հոկտեմբերի առաջին շաբաթը. եթե մինչ այդ էլ պատասխան չլինի, կդիմեն նահանգապետարան՝ դեմ առ դեմ խոսելու խնդրի մասին: «Մեր գլխավոր զրուցակիցը ներքին գործերի նախարարությունն է, բայց նախարարությանը խնդրանքները փոխանցվում են Ստամբուլի նահանգապետարանի միջոցով»,- ասել է «Ակոս»-ի խմբագիրը:

*

*