ՊՆ-ն չի պատրաստվում զինծառայողների մահվան դեպքերի մասին որևէ տեղեկություն կոծկել. Դավիթ Տոնոյան

«Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում...»
davit-tonoyan (2)

Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում զինծառայողի մահվան դեպքերի մասին տեղեկությունը ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը:

«Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել, որովհետև, հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- ասաց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ տեղեկություններն այսօրվա իրողություններում հնարավոր չէ կոծկել, որովհետև դրանց մասին կարելի է իմանալ տարբեր գերատեսչություններից:

«Լրատվամիջոցները տեղեկություն են ստանում և դատախազությունից, և քննչական կոմիտեից, և Հատուկ քննչական  ծառայությունից, և պաշտպանության նախարարությունից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- եզրափակեց Տոնոյանը:

*

*