Սարգսյանը վստահեցնում է՝ պատերազմին մասնակիցների զինգրքույկներում նշումը կարվի

Վիգեն Սարգսյանը խոստացավ լինել հետեւողական...

Պաշտպանության նախարարությունում հավատում են, որ Զինված ուժերի նկատամամբ քաղաքացիական վերահսկողությունը լավագույնս կարող է իրականացնել շարքային ժամկետային զինծառայողի ընտանիքը: Պետությունը նաեւ ավելի գրավիչ պետք է դարձնի սպայի աշխատանքը: 2017 թվականի բյուջեով նրանց համար աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ, սակայն հարցն ուշադրության կենտրոնում է:

Շուտով իր գործունեություն է սկսելու նաեւ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրող հիմնադրամը: Հենց խորհուրդը ձեւավորվի, հատուցման կարգն էլ սահմանվի, հիմնադրամը փոխհատուցում կտա այս տարվա հունվարի մեկից գրանցված դեպքերի համար:

Թեւե հիմնադրամի գործունեությունը չի տարածվում նախորդ տարվա վերջ Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում զոհված երեք զինծառայողների վրա, բայց նախարարությունն այդ ուղղությամբ էլ է աշխատանքներ իրականացնում:

Վիգեն Սարգսյանը նաեւ խոստացավ լինել հետեւողական, որ ապրիլյան պատերազմին մասնակից զինվորականների զինգրքույկներում դրա մասին նշում արվի:

«Մենք պետք է շատ կոռեկտ լինենք՝ հայտնաբերելու համար մարդու իրավունքի խախտումը՝ զինծառայողը մասնակցել է, սակայն չի նշվել, մյուս կողմից՝ բացառել լավության կարգով շռայլելը մարտական գործողություններին մասնակցի կարգավիճակը»,-ասաց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*