Պն-ում այսուհետ «թեժ գիծ» կգործի

Զինծառայողների իրավունքների խախտումների կանխարգելման նպատակով էլ ստեղծվել է փորձագիտական խորհուրդ:
pn-asulis

Պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացվել են Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ իրենց արդյունավետ աշխատանքը: Արման Թաթոյանն էլ ընդգծել է, որ անհատական բողոքների հիման վրա կարողանում են համակարգային հարցեր վեր հանել:

Իսկ Զինծառայողների իրավունքների խախտումների կանխարգելման նպատակով էլ ստեղծվել է փորձագիտական խորհուրդ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վիգեն Սարգսյանը կարեւորել է նաեւ միջազգային կառույցների հետ աշխատանքը:

Այնուհետ հավաստագրեր են շնորհվել Պաշտպանության նախարարության, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից կազմակերպված դասընթացի մասնակիցներին:

Ներկայացվել է նաեւ պաշտպանության նախարարության այս տարվա նորամուծությունը: Այսուհետ՝ գործելու է 1-28 կարճ համարով «թեժ գիծ» բոլոր նրանց համար, ովքեր Պաշտպանության նախարարության հետ կապված որեւէ խնդիր կամ հարց ունեն քննարկելու: Օպերատորները քաղաքացիների հարցերին պատասխանելու են ժամը առավոտյան 9-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, իսկ օրվա այլ ժամերին կարող են թողնել իրենց ձայնային հաղորդագրությունները, որոնց պատասխանը եւս՝ ըստ պատասխանատուների, չի ուշանա:

«Բացարձակ նպատակ չունենք պարտադիր զինվորական ծառայություն սահմանել կանանց համար, բայց, լինելով երկրի մեծ գործատուներից, պետք է մեր դռները բաց պահենք կանանց համար…»,- ասել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*